Ռուս և բելառուս մարզիկներն Օլիմպիական խաղերին կմասնակցեն չեզոք դրոշի ներքո
Ռուս և բելառուս մարզիկները Փարիզի ամառային Օլիմպիական խաղերին կմասնակցեն չեզոք դրոշի ներքո: Այս մասին գրում է Միջազգային օլիմպիական կոմիտեն:
Մասնակից մարզիկներն իրավունք չեն ունենա մրցել թիմային մրցաձևերում: Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունքից զրկված կլինեն նաև պատերազմական իրադարձություններին անդրադարձած մարզիկները: Բացի այդ, ՄՕԿ-ը չի հավատարմագրի ոչ մի պաշտոնատար անձի:
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:
Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին անգամ է, որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, այլ Ֆրանսիայի սրտում` Սեն գետի երկայնքով:
Նշենք, որ Փարիզը Լոնդոնից հետո երկրորդ քաղաքն է, որը երրորդ անգամն է հյուրընկալում Օլիմպիական խաղերը (1900, 1924, 2024):