![](/banners/BeFunky-design.jpg)
ԱՊՀ Տնտեսական խորհուրդը պատրաստել է փոխադրամիջանցքների զարգացման ծրագիր
![](https://168.am/wp-content/uploads/2023/12/1125862.jpg)
Մոսկվայում ԱՊՀ Տնտեսական խորհրդի նիստի մասնակիցները քննարկել են փոխադրամիջանցքների զարգացման ծրագիրը, որը կներկայացվի միավորման անդամ երկրների կառավարությունների ղեկավարներին։ Բացի այդ, քննարկվել է փոխադարձ առևտրի բնագավառում խոչընդոտների վերացման հարցը։ Այդ մասին հաղորդել է ԱՊՀ Գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Նիստի շրջանակներում քննարկվել է մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածի համար ենթակառուցվածքի օպտիմալացման և ԱՊՀ անդամ երկրների տարածքներով անցնող միջազգային փոխադրամիջանցքների զարգացման գործողությունների ծրագրի նախագիծը», – ասված է հաղորդագրության մեջ։
Ծրագիրն ուղղված է միջազգային փոխադրամիջանցքների զարգացմանը՝ Համագործակցության երկրների մրցունակության բարձրացման նպատակով։
Հանդիպման մասնակիցներն ուսումնասիրել են նաև ԱՊՀ անդամ երկրների փոխադարձ առևտրի բնագավառում խոչընդոտների և դրանց վերացման առաջարկների մասին տեղեկատվությունը, ներկայացվել են պետություններից ստացվող գանգատների շուրջ տարված աշխատանքների արդյունքները:
Մամուլի ծառայությունում չեն հստակեցրել, թե ԱՊՀ երկրների միջև առևտրի բնագավառում հատկապես ինչ խնդիրների մասին է խոսքը: