
ԱՊՀ երկրները քննարկել են ԱԲ կիրառումը արտաքին քաղաքականության տեղեկատվական ուղեկցման գործում

Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների ներկայացուցիչները քննարկել են արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների` որպես արտաքին քաղաքականության տեղեկատվական ուղեկցման միջոցի կիրառումը։ Այդ մասին հաղորդել է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ ամփոփելով Մինսկում ԱՊՀ Գործադիր կոմիտեում համագործակցության երկրների դիվանագիտական գերատեսչությունների տեղեկատվական ծառայությունների խորհրդակցությունների արդյունքները։
«Հանդիպման առանձին թեմա է դարձել արտաքին քաղաքականության տեղեկատվական ուղեկցման նոր միջոցների, այդ թվում՝ արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառումը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Դեկտեմբերի 7-ին և 8-ին տեղի ունեցած խորհրդակցությունների ընթացքում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի, ԱՊՀ գործադիր կոմիտեի, ինչպես նաև Մինսկում Տաջիկստանի և Թուրքմենստանի դեսպանությունների ներկայացուցիչները կատարել են կարծիքների և գործնական փորձի փոխանակում արտաքին քաղաքականության տեղեկատվական ուղեկցման և ԶԼՄ-ների հետ աշխատանքի հարցերի շուրջ` աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում։ Քննարկվել են տեղեկատվական աշխատանքի միջոցների և մեթոդների, ինչպես նաև ԱՊՀ տարածաշրջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև այս ոլորտում առավել սերտ փոխգործակցության կատարելագործման հնարավորությունները։
«Խորհրդակցությունների մասնակիցները պայմանավորվել են շարունակել սերտ դրական փոխգործակցությունը, ինչպես նաև տեղեկատվական ոլորտում կարծիքների և փորձի կանոնավոր փոխանակման գործելակերպը», – նշել են Բելառուսի ԱԳՆ-ում: