Բաժիններ՝

Գերմանիան Լեհաստանի, Չեխիայի և Շվեյցարիայի հետ սահմանին հսկողությունը կերկարաձգի մինչև 2024 թվականի փետրվարը

Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը հայտնել է, որ Լեհաստանի, Չեխիայի և Շվեյցարիայի հետ սահմանին ստացիոնար հսկողությունը կերկարաձգվի ևս երկու ամսով՝ մինչև 2024 թվականի փետրվարը։

«Այս միջոցներն ազդեցություն են գործել: Մեր պայքարն արդյունավետ է եղել նրանց դեմ, ովքեր բախտախաղի են դնում մարդկային կյանքը սահմանն ապօրինի հատելու համար», – ասել է նա Rheinische Post թերթին տված հարցազրույցում:

Հսկողությունը սահմանվել է հոկտեմբերի 16-ին. վերջին անգամ այն երկարաձգվել էր մինչև դեկտեմբերի 15-ը։ Վերջին գրեթե երկու ամսվա ընթացքում կանխվել է 3 300 ապօրինի սահմանահատում։

Միգրացիայի և փախստականների գործերով դաշնային գերատեսչության տվյալներով՝ 2023 թվականի սկզբից մինչև նոյեմբերի վերջը Գերմանիա է ժամանել ավելի քան 300 հազար ապաստան հայցող, դա 60 %-ով ավելի է, քան 2022 թվականի նույն ժամանակահատվածում։ 2023 թվականի աշնանը Գերմանիայի նախարարների կաբինետը հավանություն է տվել մի քանի միջոցների, որոնք խստացնում են միգրացիոն օրենսդրությունը և պետք է Գերմանիան ավելի պակաս գրավիչ դարձնեն անօրինական ներգաղթյալների համար: Մասնավորապես, ստանդարտ սոցիալական նպաստ ստանալու համար փախստականներին անհրաժեշտ կլինի երկրում ապրել 36 ամիս (18 ամսով ավելի, քան մինչև հիմա):

Նպաստը կփոխանցվի դեբետային քարտին, որպեսզի օտարերկրացիները փողը ծախսեն Գերմանիայում, այլ ոչ թե այն փոխանցեն արտասահման՝ հարազատներին: Ապաստանի դիմումների քննարկման ժամկետները կկրճատվեն: Նախատեսվում է նաև հեշտացնել այն մարդկանց արտաքսումը, որոնց հայտերը չեն բավարարվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս