Զբոսավարները պետք է որակավորվեն. ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել զբոսաշրջային ոլորտը կարգավորող նախագիծ

Հայաստանի ազգային ժողովի քննարկմանը ներկայացվեց Զբոսաշրջության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը նպատակ ունի կանոնակարգել զբոսաշրջության ոլորտը:

Նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Այս փաթեթն էական ռեֆորմ է զբոսաշրջության ոլորտում, որի նպատակն է հասցեավորել այն բոլոր մարտահրավերները, որոնք առկա են մեր երկրում զբոսաշրջության ոլորտի զարգացման առջև, նաև իրացնել զբոսաշրջության ոլորտի տված հնարավորությունները»,-ասաց Քերոբյանը:

Զբոսաշրջությունը, ըստ նախարարի, տնտեսության գերակա ճյուղ է՝ փոխկապակցված տնտեսության մյուս ճյուղերի հետ: Եվ օրենսդրական փաթեթը նպատակ ունի հասցեավորել մի շարք կարևոր հարցեր:

Զբոսաշրջային ծառայություն մատուցողների գործունեության որոշ տեսակներ դառնում են ծանուցման ենթակա: Սահմանվում են հստակ չափանիշներ և պահանջներ՝ զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց համար: Սպառողների իրավունքների պաշտպանության նպատակով սահմանվում են որոշակի պահանջներ, այդ թվում՝ պայմանագրերի կնքում, ֆինանսական երաշխիքների տրամադրում և այլն:

«Այսօր գոյություն չունի զբոսավարների ծառայության որակի վերահսկողության համակարգ: Ներկայացված նախագծերի փաթեթով զբոսավարի գործունեությունը դառնում է ծանուցման ենթակա: Զբոսավարները պետք է որոշակի ստանդարտներին համապատասխան ատեստավորումից հետո ստանան լիցենզիա»,-ասաց նախարարը:

Ըստ նախագծի՝ զբոսաշրջային ավտոբուսները, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնները, զբոսավարները և ուղեկցորդները որակավորվում են: Հյուրանոցային տնտեսության օբյեկտների և զբոսաշրջային փորձառությունների որակավորումը կամավոր է:

Քերոբյանը նաև հիշեցրեց, որ այս տարվա 11 ամսվա տվյալներով Հայաստան է այցելել 2.2 մլն զբոսաշրջիկ, որը երկրի համար բացարձակ ռեկորդ է:

Տեսանյութեր

Լրահոս