Հայաստանում շրջանառվում է հոնկոնգյան գրիպը. ԱՆ–ն` երկրում համաճարակային վիճակի մասին

Առողջապահության նախարարությունը նշում է, որ սուր շնչառական վարակներով հիվանդացության ցուցանիշը համապատասխանում է սեզոնին։

Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ։ Դրա հետ մեկտեղ երկրում շրջանառվում է նաև գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի, ինչպես նաև գրիպ Բ տեսակի հարուցիչներ և COVID-19։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

Այլ շնչառական վարակներից հայտնաբերվել են ռինովիրուսի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի և կորոնավիրուսային հիվանդության (SARS-COV-2) հարուցիչներ։ Ներկայում սուր շնչառական վարակներով հիվանդացության ցուցանիշը չի գերազանցում համաճարակային շեմը և համապատասխանում է սեզոնին։

Նշվում է, որ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության կայունացում է նկատվում։ Հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է հիվանդության 165 դեպք։ Սա նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ քիչ է 69 դեպքով։
Նախարարությունից նաև հայտնել են, որ 2023 թվականի սկզբից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ COVID–ասոցացված կավասակիանման համախտանիշ արձանագրվել է մինչև 18 տարեկան 24 երեխայի մոտ։ Բոլորը համապատասխան բուժում են ստացել:

Ինչ վերաբերում է կապիկի ծաղիկ հիվանդությանը, ապա Հայաստանում մինչ օրս որևէ դեպք չի արձանագրվել։ Վարակի ներբերման և տարածման վտանգը Հայաստանում համարվում է ցածր։

Տեսանյութեր

Լրահոս