ԱՄՆ-ն քննադատել է Իսրայելին՝ Գազայի հատվածում խաղաղ բնակչության շրջանում զոհերի մեծ թվի համար
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննադատության է ենթարկել Իսրայելին՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական կազմակերպության դեմ ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մեծ թվի համար։ Թերևս, ռազմական գործողությունների երկու ամիսների ընթացքում սա ԱՄՆ-ի կողմից ամենախիստ քննադատությունն է, ըստ որի՝ քաղաքացիական անձանց պաշտպանելու՝ Իսրայելի հայտարարված նպատակների և զոհերի թվի միջև շատ մեծ տարբերություն կա։
Բլինքենը նման հայտարարություն է արել Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Հարավում ռազմական գործողություններից մեկ շաբաթ է անցել, և անհրաժեշտություն է մնում այն, որ Իսրայելն առաջնահերթություն տա քաղաքացիական անձանց պաշտպանությանը․․․ Քաղաքացիական անձանց պաշտպանելու մտադրության և տեղում մեր տեսած իրական հետևանքների միջև․․․ իսկապես ճեղք կա», – ասել է Բլինքենը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր հերթին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ առանձին հեռախոսազրույցներում շեշտել է քաղաքացիական անձանց պաշտպանելու «ծայրահեղ անհրաժեշտությունը», այդ թվում՝ հումանիտար միջանցքների բացումը, որպեսզի մարդիկ կարողանան դուրս գալ ռազմական գործողությունների գոտուց։
Իսրայելը հայտարարել է, որ պետք է վերացնի ՀԱՄԱՍ-ը, և բացի Գազայի հատվածի հյուսիսից՝ արդեն մեկ շաբաթ է՝ ռազմական գործողություններ է իրականացնում Գազայի հարավում։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ներխուժումից հետո, որի հետևանքով 1200 մարդ սպանվեց և 240 մարդ գերեվարվեց, Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և խոստացել է ոչնչացնել այդ արմատական կազմակերպությունը։ Ըստ Գազայի հատվածի առողջապահական իշխանությունների՝ Իսրայելական գնդակոծությունների և ցամաքային ներխուժման հետևանքով պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը գերազանցել է 17 170-ը , 46 000 մարդ վիրավորվել է։ Հոկտեմբերի 20-ին ցամաքային ներխուժման ընթացքում զոհված զինծառայողների թիվը, ըստ Իսրայելի պաշտպանության բանակի, 92 է։ Կողմերի միջև 7-օրյա հրադադարի ընթացքում ՀԱՄԱՍ-ի մոտ գտնվող 105 պատանդներ փոխանակվել են Իսրայելում ազատազրկված 240 բանտարկյալների հետ։