Բաժիններ՝

COP 28. Համաժողովի առաջին 5 օրերի ընթացքում հավաքագրվել է ավելի քան 83 միլիարդ դոլար

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը Դուբայում անցկացվում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովը (COP28), որի բացմանը և դրան հաջորդող մի շարք միջոցառումներին մասնակցել են ավելի քան 140 երկրների ղեկավարներ, այդ թվում՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Արդեն դեկտեմբերի 6-ի դրությամբ COP28-ը շոշափելի արդյունքների է հասել, որի մասին հաղորդագրություն է տարածվել։ Համաժողովի առաջին 5 օրերի ընթացքում հավաքագրվել է ավելի քան 83 միլիարդ դոլար, որը նախատեսվում է օգտագործել կլիմայի փոփոխության դեմ պայքարի տարբեր միջոցառումների համար։

726 միլիոն դոլար կհատկացվի «Կորուստների և վնասների» ֆինանսավորման համար՝ աջակցելու կլիմայի ճգնաժամի առաջնագծում գտնվողներին։ 3,5 մլրդ դոլար կհատկացվի «Կանաչ կլիմայի հիմնադրամին», 133,6 միլիոն դոլար՝ «Ադապտացիայի հիմնադրամին», 129,3 միլիոն դոլար՝ «Ամենաքիչ զարգացած երկրների հիմնադրամին», 31 միլիոն դոլար՝ «Կլիմայի փոփոխության հատուկ հիմնադրամին»։

Այս նախաձեռնությունները ստացել են տասնյակ երկրների աջակցությունը։

Բացի այդ, կլիմայի փոփոխության դեմ դրական գործողություններին զարկ տալու համար ԱՄԷ-ն գործարկել է 30 միլիարդ դոլարի հիմնադրամ, որը նախատեսում է ամբողջ աշխարհից հավաքագրել լրացուցիչ 250 միլիարդ դոլար։

Խոցելի երկրներին օգնելու համար ԱՄԷ-ն հանձն է առել տրամադրել 200 միլիոն դոլար, ինչպես նաև 150 միլիոն դոլար՝ ջրի անվտանգության հետ կապված լուծումների համար։

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ Համաշխարհային բանկը 2024 և 2025 թվականներին տարեկան 9 միլիարդ դոլարով կավելացնի կլիմայի հետ առնչվող նախագծերի ֆինանսավորումը։ Իսկ Բազմակողմ զարգացման բանկերի կողմից կլիմայի ոլորտին ուղղված գործողությունների ֆինանսավորման գումարը կավելացվի 22,6 միլիարդ դոլարով։

Այս տարվա ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի ընթացքում Դուբայը կհյուրընկալի ավելի քան 70 հազար պատվիրակների տարբեր երկրներից, ներառյալ՝ պետությունների ղեկավարների, խոշոր բիզնեսի և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև հետազոտողների, փորձագետների և լրագրողների։ Սա ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի մասնակիցների ամենամեծ թիվն է ամբողջ պատմության ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս