
Ապօրինի ծառահատման համար Աչաջրի անտառապահին 100.000 դրամ էր տվել

ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները դեկտեմբերի 5-ին, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, պարզել են, որ Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի 69-ամյա մի բնակիչ, առանց համապատասխան փաստաթղթերի ծառահատում կատարելու համար, հունիս-օգոստոս ամիսներին «Սևքար անտառտնտեսության» Աչաջրի անտառպետության անտառապահին յուրաքանչյուր անգամ վճարել է 10 հազար դրամ:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նշված ժամանակահատվածում լուսաձորցի տղամարդը Աչաջրի անտառպետության անտառապահի վերահսկողության տակ գտնվող պահաբաժնից ապօրինի հատել է տարբեր տեսակի թաց կանգուն 50 ծառ և իր «ԳԱԶ-66»-ով տեղափոխել է փայտանյութը և անտառապահին որպես կաշառք տվել է ընդհանուր 100 հազար դրամ:
Անտառապահը ձերբակալվել է:
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթ իրականացնող մարմին: