Պուտինը Իրանի նախագահին հրավիրել է քննարկելու Պաղեստինում տիրող իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է կարծիքներ փոխանակել տարածաշրջանում, հատկապես Պաղեստինում տիրող իրավիճակի շուրջ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Իհարկե, մեզ համար շատ կարևոր է կարծիքների փոխանակումը տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ, հատկապես՝ Պաղեստինի իրավիճակի վերաբերյալ»,- Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ ասել է Պուտինը։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին իր հերթին նույնպես դրական է գնահատել Թեհրանի և Մոսկվայի համագործակցությունը, բայց նշել է, որ երկու երկրների շահերից է բխում այն ավելի զարգացնելը հատկապես էներգետիկայի, գյուղատնտեսության և կրթության ոլորտներում։
«Հարևան պետությունների և, մասնավորապես, մեր բարեկամ երկրի՝ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները զարգացնելու մեր քաղաքականության համատեքստում մենք նկատում ենք, որ մեր փոխգործակցությունը լավ է զարգանում: Մենք առաջընթաց ենք գրանցել վերջին մի քանի տարիների ընթացքում»,- ասել է Ռաիսին:
Նա հավելել է, որ ՌԴ նախագահի հետ շարունակվող բանակցությունները կօգնեն ստեղծել բարենպաստ պայմաններ այն հնարավորությունների իրացման համար, որոնք ունեն իրանա-ռուսական հարաբերությունները։