Սոթքի բաց հանքի աշխատողներն արդեն ազատված են աշխատանքից. Փակ հանքը մասնակի է աշխատում. Գեղարքունիքի մարզպետ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այսօր Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նախ հիշեցրեց, որ նախորդ անգամ ասել էր, որ Սոթքի հանքը մասնակի աշխատում է։
«Սակայն բաց հանքի աշխատողներն արդեն ազատված են աշխատանքից։ Իհարկե, իրենք ունեն խնդիրներ, գրավոր դիմել են ինձ, իրենց խնդրանքն ուղարկել եմ Էկոնոմիկայի նախարարություն, նախարարի հետ առաջիկայում կքննարկենք, թե ինչ հնարավորություն ունենք նրանց խնդիրները լուծելու համար»,- շեշտեց նա։
Հարցին՝ այդ ամենը կապված է պատժամիջոցների՞ հետ, Գեղարքունիքի մարզպետը պատասխանեց, որ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ներքին հարցերից այդքան տեղյակ չէ, չգիտի՝ պատժամիջոցների հե՞տ է կապված, թե՞ այլ խնդիրների։
«Իրենք նաև ներկայացնում են, որ բաց հանքում իրենց համար ներկա պահին աշխատանքը, հանքը շահագործելն այդքան օգտակար չէ, և հիմա փակ հանքում են աշխատանքները կազմակերպում և մասնակի»,- շեշտեց Կարեն Սարգսյանը։
Ըստ նրա, շատ փոքր հատվածի աշխատանքի խնդիրը լուծել են գործընկերների հետ համատեղ, սակայն դեռ շատ խնդիրներ կան։
Ինչ վերաբերում է Գեղարքունիքի մարզում հաստատված արցախահայերին, մարզպետն ասաց, որ կան դեռ անձինք, որոնք շարունակում են մնալ հյուրատներում, սակայն ունեն հոգեբանական խնդիրներ։ Առողջապահության և Սոցապ նախարարությունների հետ այդ հարցերը փորձում են կարգավորել։
«Մնացած անձինք վարձով են բնակարան գտել և մարզում վարձով են բնակվում»,- եզրափակեց մարզպետը։