Փարատվել են մտահոգությունները. Փաշինյանը՝ «Վիվա-ՄՏՍ»-ը ավելի վաղ մերժված ընկերությանը վաճառելու մասին

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Հայաստանի հեռահաղորդակցության օպերատորներից «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքին՝ նշելով, որ ընկերության 100 տոկոս բաժնետերը Կիպրոսում գրանցված Aramayo Investments Limited ընկերությունն է։

«Ես այս հարցը չէի տա, եթե 6 ամիս առաջ այդ նույն ընկերության հայցը մերժված չլիներ՝ կառավարության մաս կազմող եւ չկազմող գերատեսչությունների բացասական եզրակացության հիման վրա, որոնք արդեն դարձել են դրական եզրակացություն: Հարց է ծագում՝ ի՞նչ փոխվեց, որ այդ եզրակացությունը դարձավ դրական: Մենք գիտենք, որ «Վիվասել ՄՏՍ»-ը առնվազն բջջային բաժանորդների մասով ամենամեծ օպերատորն է եւ պետության եւ ազգային անվտանգության տեսանկյունից շատ կարեւոր է դա»,- հայտարարեց Թորոսյանը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 6 ամիս առաջ տրվել է բացասական եզրակացություն, որովհետև ուսումնասիրությունները մտահոգություններ են ի հայտ բերել, որոնք հետագայում ընկերության կողմից ներկայացված լրացուցիչ փաստերի ուսումնասիրության ընթացքում փարատվել են, և այդ պատճառով բացասականը դարձել է դրական եզրակացություն:

Արսեն Թորոսյանի դիտարկմանը, որ նշյալ ընկերությունն այդ ոլորտում բիզնես անելու փորձառությամբ հայտնի չէ, Փաշինյանը կրկնեց՝ տեղի է ունեցել խորը ուսումնասիրություն, մտահոգությունները փարատվել են, կայացվել է համապատասխան որոշում։

Տեսանյութեր

Լրահոս