Ինչպե՞ս կարող է 1 տոննա կոկաինը առանց իշխանության երաշխավորության հատել սահմանը․ Ագնեսա Խամոյան

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հետաքրքրվեց կես տարի առաջ հայտնաբերված մեկ տոննա կոկաինի գործի մասին՝ ասելով, որ այն ընդամենը դարձավ լրահոսի նյութ ու վերնագիր, Նիկոլ Փաշինյանն էլ, ժանրի կանոնների համաձայն՝ նշանակեց մեղավորներին, որոնք բնականաբար, նախկիներն էին։

«Հաշվի առնելով Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալների աննախադեպ աճը, բազմաթիվ հարցադրումներ կան, որոնք հուզում են ինձ ու բազմաթիվ քաղաքացիների: Ես օրերս հարցում եմ ուղարկել ԱԱԾ եւ շատ կարճ պատասխան եմ ստացել, որ նախաքննական գաղտնիք է ամենը: Հիմա ուզում եմ հնչեցնել այդ հարցերի մի մասի.

Քանի կալանավորված անձ կա գործով, հետախուզում էիք հայտարարել կոնկրետ անձի նկատմամբ, ի՞նչ եղավ բհետախուզումը, ի վերջո պարզվե՞ց՝ ինչպե՞ս է այդ մեկ տոննա թմրանյութը սահմանային անցակետը հատել, Մաքսայինի քանի աշխատակից մեղադրյալի կարգավիճակ ունի, ինչպե՞ս կարող էր 250 մլն դոլար արժողությամբ բեռը առանց իշխանական հովանվորչության 4 երկրի սահման հատելով հասնել ՀՀ,- հարցրեց Խամոյանը և դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց,- Քանի որ դուք նախաքննական գաղտնիք հրապարակելու խնդիր չունեք, քանի որ դեպքից մեկ շաբաթ անց գործով մանրամասներ հաղորդեցինք, և հաշվի առնելով, որ ամենաինֆորմացված անձն եք Հայաստանում, առաջարկում եմ անդրադառնալ այս հարցերին, քանի որ նման տեղափոխությունները չեն լինում առանց կոնկրետ երաշխավորների, լոգիստիկ պատասխանատուների և իշխանական տանիքների»:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Երբ դուք հարցը տալիս էիք, էնտեղ քննարկում էինք, թե տիկին Խամոյանը էս կոկաինի շարժի պրոտոկոլները սենց մանրամասն որտեղի՞ց գիտի: Հիմա դուք ասում եք՝ առանց սրա չի լինի, առանց նրա չի լինում, եթե այդ ամենը, ինչն ասացիք, վերջում պետք է բացատրեիք, բա եթե այդ ամենը առանց իշխանության չի լինում, բա բռնելը ո՞նց է լինում: Ընդդիմությունը գնաց-բռնեց, ասեց՝ այ տեսեք, դավադիր իշխանությունը կոկաին էր բերում, մենք էլ գնացինք՝ բռնեցի՞նք: Բա ո՞նց եղավ, որ ձերբակալվեցին մարդիկ:

Ես այս գործով շատ մանրամասների չեմ տիրապետում, եթե իմանայի, որ այս հարցը տալու եք, գուցե թույլատրելիի չափով փորձեի տեղեկություններ ստանալ: Անկեղծ ասած, առանձնապես, կոկաինի շարժերի պրոտոկոլներով չեմ հետաքրքրվում: Իհարկե, նախաքննությունը պետք է տա ձեր հարցերի պատասխանը»:

Ագնեսա Խամոյանը նկատեց. «Դուք եք հայտնել այն ընկերության անունը, որը լոգիստիկ խնդիր է ընդամենը ապահովել, թե բեռն իրեն է պատկանել, օրինակ: Դրանից հետո է միայն ԱԱԾ-ն տարածել հաղորդագրություն՝ հաստատելով հարցուպատասխանի ժամանակ ձեր ասածները: Դուք եք, ըստ էության, կոնկրետ անձի անուն ազգանուն տվել, փաստորեն, խախտելով անմեղության կանխավարկածը: Հիմա դուք ուզում եք հավաստիացնել մեզ, որ այս 6 ամսում որևէ ի պաշտոնե, մասնագիտության բերումով, որևէ տեղեկատվություն չեք փորձե՞լ ստանալ, չե՞ք փորձել տեսնել՝ ի՞նչ եղավ այդ գործը: Այսինքն՝ երբ դուք կոնկրետ անուն եք տալիս, էդտեղ նախաքննական գաղտնիք չկա, բայց երբ պատգամավորը հարցնում է՝ գործով քանի՞ կալանավորված անձ կա, ասում են՝ նախաքննական գաղտնիք է»:

Տեսանյութեր

Լրահոս