Ինչո՞ւ է ՀՀ-ն մինչև պատերազմը 1,7 միլիարդ հատկացրել հայ-թուրքական սահմանի բացմանը. Գեղամ Մանուկյան

Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, ասաց, որ արդեն մեկ ամիս է՝ խմբակցության երեք պատգամավորներով՝ Քրիստինե Վարդանյանը, Արթուր Խաչատրյանը և ինքը, դիմել են ԱԳՆ-ին՝ հարմար վայրում ծանոթանալու խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկած փաթեթին։

«Կա՞ որևէ պատճառ, որ ԱԳ նախարարությունը, խախտելով կանոնակարգը, խախտելով պաշտոնյաների և քաղաքացիների մասին տեղեկատվության մասին օրենքը, որևէ կերպ չի պատասխանում, չի հիմնավորում՝ մերժվո՞ւմ է մեր դիմումը, թե՞ ոչ, եթե չի մերժվում, ապա ի՞նչ ընթացքում է գտնվում»,- հետաքրքրվեց Գեղամ Մանուկյանը։

Պատասխանելով հարցին՝ Արարատ Միրզոյանն ասաց, որ նամակին պատշաճ ժամկետներում պատասխանել են։

«Առաջարկում եմ, և՛ ես, և՛ դուք այս տեղեկատվությունը մի հատ ստուգենք, որևէ հիմք չկար չպատասխանելու։ Նույնիսկ հիմա, եթե նամակը չի ուղարկվել կամ այլ անհասկանալի սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառներով չի հասել, որևէ խնդիր չեմ տեսնում։ Նույնիսկ իմ միջամտության կարիքը չկա, դուք ունեք գաղտնիության հասանելիություն որոշակի մակարդակի, այսինքն՝ այստեղ որևէ գաղտնի բան չկա, կարող եք գալ ԱԳՆ, նստել գաղտնի փաստաթղթերի սենյակում, փաստաթուղթը ձեզ կներկայացվի»,- շեշտեց Արարատ Միրզոյանը։

Արձագանքելով՝ Գեղամ Մանուկյանը տեղեկացրեց, որ ԱԳՆ-ից պատասխանել են մեկ այլ գրության, որի վերաբերյալ խորհրդարանում ունեցել են բանավեճ։

«Հայոց լեզվի տարընթերցում էր եղել ԱԳՆ-ում, այդ երկրորդ նամակին պատասխան չկա։

2020 թվականին Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին չեմ կարող հարցնել, որ մինչև պատերազմը ի՞նչ հիմնավորում կար 1,7 մլրդ գումար հատկացնել հայ-թուրքական սահմանով՝ Մարգարայով դեպի Վանաձոր՝ Վրաստանի սահման, ճանապարհ կառուցելու, կրկնում եմ՝ մինչև պատերազմը։ Սա թողնենք մեկ այլ անգամ, գուցե գրավոր Տարածքային կառավարման նախարարությանն ուղղեմ»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Արարատ Միրզոյանը վերջին հարցի վերաբերյալ ասաց, թե չգիտի՝ որքանով է ճիշտ այլ նախարարությանը վերաբերող հարցն ուղղել իրեն։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս