Հայ Առաքելական եկեղեցին հիշատակել է հայոց առաջին լուսավորիչների տոնը. Գարեգին 2-րդը Սուրբ Գեղարդով օրհնել է ժողովրդին
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դեկտեմբերի 2-ին հիշատակել է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը:
Օրվա կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանը։
Սրբազան արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ և բազմաթիվ ուխտավորներ:
Սուրբ Պատարագի ընթացքում եկեղեցական թափորի առաջնորդությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մատուռ-մկրտարան է բերել աստվածամուխ Սուրբ Գեղարդը՝ օրհնելով ուխտավոր հայորդիներին։
Հայր Մովսեսն ընդգծել է, որ առաքյալների տոնը Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ մեր սերն ու հավատարմությունը վերահաստատելու և հայրերի ու վարդապետների թողած ժառանգությանն ու բարոյական արժեքներին հավատարիմ մնալու ուխտի օր է։
Վերջում Հայր Սուրբը հորդորել է հավատացյալներին՝ աղոթքով հայցել Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդողիմեոս առաքյալների բարեխոսությունը հայ ազգի համար, որպեսզի Աստված առաքելական հավատքի մեջ զորացնի ու պահպանի հայ ժողովրդին և աստվածամուխ Սուրբ Գեղարդը շարունակի հրաշագործել հայոց կյանքում՝ ի պայծառություն Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի շինություն Հայրենիքի։
Սուրբ Պատարագի ավարտին Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով և Սուրբ Գեղարդով օրհնել է ներկա ժողովրդին, ապա հավատացյալներին հնարավորություն է ընձեռվել երկրպագելու ու համբուրելու համաքրիստոնեական սրբությունը:
Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Մայր Աթոռի մատուռ-մկրտարանում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը: