Հայրենական առաջին արբանյակն անջատվել է հրթիռից ու դուրս եկել ուղեծիր. այս պահին արբանյակն իր արևային պանելների միջոցով մարտկոցներն է լիցքավորում
Հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի (CSIE) համատեղ աշխատանքների արդյունքում ստեղծված և «Հայասաթ-1» անվանումը ստացած հայրենական առաջին արբանյակը արդեն անջատվել է SpaceX ընկերության Falcon-9 հրթիռից ու դուրս եկել ուղեծիր:
«Հաջորդ փուլով այն պետք է բացի իր անտենաները, և մենք կապ հաստատենք արբանյակի հետ: Այս պահին արբանյակի արևային պանելների միջոցով մարտկոցներն են լիցքավորվում: Այս պրոցեսից հետո ժամանակ առ ժամանակ կհաղորդվի իր «առողջական վիճակի» մասին, մենք մեր երկրային կայանի միջոցով իր հիմնական օգտակար բեռի և իր ընդհանուր կարգավիճակի տվյալները արդեն կարող ենք իրենից ստանալ՝ մեր հարցումների միջոցով»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում մանրամասնեց «Բազումք»-ի համահիմնադիր, խորհրդի անդամ և տեխնիկական տնօրեն Հայկ Մարտիրոսյանը:
Նշենք, որ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ «Հայասաթ-1»-ի թռիչքը: Հայկական արտադրության «Հայասաթ-1» արբանյակը յուրաքանչյուր մեկուկես ժամվա ընթացքում Երկրի շուրջը մեկ պտույտ է կատարելու, և հնարավոր է լինելու որսալ արբանյակի ուղարկած ազդանշանները, երբ արբանյակն անցնի Հայաստանի օդային տարածքով։