
Ուկրաինայում հեպատիտի բռնկման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

Ուկրաինայի Վիննիցայի մարզում արտակարգ իրավիճակ է հայտարարվել հեպատիտ A-ով զանգվածային վարակների պատճառով։ Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Վիննիցայի մարզում գրանցվել է հեպատիտ Ա-ի բռնկում, հոկտեմբերի 24-ին հոսպիտալացվել էր 60 մարդ, այդ թվում՝ 14 երեխա։ Ավելի ուշ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել են, որ քրեական գործ է հարուցվել զանգվածային հեպատիտով վարակվելու դեպքերի առթիվ։ Մարզկենտրոնի դպրոցներն անցել են առցանց ուսուցման։
«Հեպատիտ Ա-ի բռնկման պատճառները կարող են լինել սնունդը կամ խմելու ջուրը: Համաճարակաբանների աշխատանքն այժմ կենտրոնացած է այդ գործոնների վրա: 144 հիվանդ մնացել է տարածաշրջանի հիվանդանոցներում, 32 մեծահասակ և 10 երեխա արդեն դուրս են գրվել: Տեխնածին-էկոլոգիական անվտանգության և արտակարգ իրավիճակների հարցերով տարածաշրջանային հանձնաժողովի արտահերթ նիստի արդյունքներով՝ բռնկումը սահմանվել է որպես բնական արտակարգ իրավիճակ տարածաշրջանային մակարդակով», – ասել է Ուկրաինայի գլխավոր սանիտարական բժիշկ Իգոր Կուզինը։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ տարածաշրջանում խստացվել են հակահամաճարակային միջոցառումները։ Հանրային տրանսպորտի մաքրման և ախտահանման նկատմամբ վերահսկողությունն ուժեղացվել է։ Արգելված է տնական արտադրանքի վաճառքը տոնավաճառներում, չեղարկվել են զանգվածային միջոցառումները։ Տեղական իշխանությունները նաև խստացրել են վերահսկողությունը քաղաքի և շրջանի շուկաներում սանիտարահիգիենիկ պահանջների և հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ: