ԱՄՆ-ն պաղեստինաիսրայելական հակամարտության՝ Մերձավոր Արևելքում տարածման վտանգ է տեսնում
ԱՄՆ-ն տեսնում է վտանգներ, որ պաղեստինաիսրայելական հակամարտությունը կարող է տարածվել Մերձավոր Արևելքում՝ հաշվի առնելով այն, որ Իրանի աջակցությունը վայելող խմբավորումները թիրախավորում են տարածաշրջանում տեղակայված ամերիկյան զորքերին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը CBS-ի եթերում։
«Մենք աչալուրջ ենք, որովհետև տեսնում ենք ամբողջ տարածաշրջանում մեր ուժերի նկատմամբ բարձր սպառնալիքներ, ինչպես նաև բարձր ռիսկ, որ այս հակամարտությունը կտարածվի տարածաշրջանի այլ հատվածներում։ Մենք անում ենք մեր հնարավորության սահմաններում ամեն բան՝ զսպելու և կանխելու դա», – ասել է Սալիվանը։
Նա հավելել է, որ եթե իրենց ուժերի վրա հարձակում լինի, ապա իրենք կպատասխանեն։
Իր հերթին CNN-ը հիշեցնում է, որ անցյալ շաբաթ ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի արևելքում Իրանի աջակցությունը վայելող խմբավորումների պատկանող երկու օբյեկտի՝ ի պատասխան տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ուժերի դեմ անօդաչուներով և հրթիռներով հարձակումների։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայել ներխուժումից հետո իսրայելական կողմը շրջափակել է Գազան և հարվածներ է հասցնում այնտեղ գտնվող հարյուրավոր թիրախների։ Իսրայելում զոհերի թիվը 1400 է, ևս 239 մարդ գերի է վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից։
Պաղեստինյան առողջապահական իշխանությունները հայտնել են, որ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 8005-ի, նրանց թվում կա 3324 երեխա։