Հայերը Փաշինյանին չհեռացրին, քանի որ դրա համար նաև հասկանալի ազդանշան չստացան Մոսկվայից․ Զատուլին

«Այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, բոլոր տեսանկյուններից անարդար է»,-այս մասին «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

Նա մասնավորապես նշել է․ «Այն դիրքորոշումը, որը մենք, չգիտես ինչու, որդեգրեցինք որոշակի փուլում, թե՝ քանի որ Փաշինյանն ասաց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ուրեմն վերջ, մենք՝ ի՞նչ, չէ՞ որ նա գլխավոր հայն է… լսեք՝ Փաշինյանը հայ ժողովրդի Հռոմի Պա՞պն է։

Ի՞նչ է, նա իրավունք ունի՞ խոսելու ողջ հայ ժողովրդի անունից, առավել ևս` Ղարաբաղի դեպքում, որը Հայաստանը պաշտոնապես որևէ անգամ չի ճանաչել, որպես պետական միավոր։ Բայց նույնիսկ սովետական ժամանակներում էր հասկանալի, որ որպեսզի հայերը Ադրբեջանի ՍՍՀ-ում ապրեն, նրանք պետք է երաշխիքներ ունենան, իսկ այդ երաշխիքը կարգավիճակն է, և այն կոչվում էր ԼՂ ինքնավար մարզ։ Ներկայումս որևէ խոսք կարգավիճակի մասին չկա, Ադրբեջանն ընդհանրապես վերացրեց այդ հարցը, և մենք ևս նրա հետ համաձայնեցինք և այդ թեմայից չենք խոսում»։

Հարցին՝ թե ինչո՞ւ, Զատուլինը պատասխանեց` ասելով, որ ամենայն հավանականությամբ դիրքորոշումն այն է, որ եթե հայկական կողմը այդպես է կարծում, հայ ժողովրդի կողմից պաշտոնապես ընտրված վարչապետ Փաշինյանը դա հայտարարել է, նշանակում է, որ «մենք չենք կարող լինել ավելի հայ, քան հայերը»։ «Լսեք, այդ մոտեցման հետևանքով մենք թույլ տվեցինք, որ մեր աչքի առջև, մեր խաղաղապահ զորախմբի ներկայությամբ փաստացի արտաքսեն հայ բնակչությանը Լեռնային Ղարաբաղի իրենց պատմական հողերից։ Սա տեղի ունեցավ։ Մենք խաղաղապահներին այնտեղ ենք ուղարկել, բայց ակտիվացնել նրանց հրաժարվել ենք։ Մենք երկար ամիսներ հանդուրժեցինք այն, որ Ադրբեջանը կազմակերպել էր Լաչինի միջանցքի փակումը։ Դրա համար Ադրբեջանը զգաց, որ կարող է անել այն, ինչ ցանկանում է, և արեց՝ ինչ ցանկանում է։ Էլ ի՞նչ եք ցանկանում Կովկասում», -ասաց ՌԴ Պետդումայի պատգամավորը։ Նա չբացառեց, որ Ադրբեջանն ուժով նաև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը կկտրի։

«Առավել ևս հնարավոր է, երբ այսօր Փաշինյանն այդ կերպ չեղարկում է Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Նա հայ ժողովրդին մղում է դեպի փակուղի։ Նա դա անում է, որովհետև հույս ունի, որ արևմտյան քեռին, որը ավելի հարուստ, գեղեցիկ ու գունեղ է, կգնահատի և կպահի իրեն»,-ասաց նա։

Զատուլինը նաև գտնում է, որ հայերը Փաշինյանին չհեռացրին, քանի որ այդ կապակցությամբ նաև հասկանալի ազդանշան չստացան Մոսկվայից։ «Բոլոր այն դեպքերում, երբ հարցը դրան էր հասնում, հիմա ես դա շատ չեմ մանրամասնի, բայց այստեղից ազդանշաններ էին գնում՝ ոչ մի դեպքում, դա հղի է ապակայունացմամբ, 2020 թվականի պայմանավորվածությունների չեղարկմամբ, Փաշինյանը դրանց ներքո ստորագրություն է դրել, եթե լինի սրացում, մենք կներքաշվենք պատերազմի մեջ, երկրորդ ճակատ կբացվի Կովկասում։

Մենք ինքներս մեզ վախեցրինք և հեռացանք իրավիճակի ճշմարտությունից։ Երբ ՌԴ պաշտոնական դեմքն ասում է․ Այո, Ղարաբաղից հայերը գնում են, մենք դա չենք ողջունում, բայց պետք չէ փնտրել մեղավորներ , այստեղ մեղավորներ չկան»։ Ինչպե՞ս թե չկան մեղավորներ։ 20-րդ դարասկզբին կային մեղավորներ՝ կոչվում է Հայոց ցեղասպանություն, իսկ 21-րդ դարասկզբին՝ չկա՞ն մեղավորներ, իսկ ո՞վ է դա ասում՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը»,-ասաց Կոնստանտին Զատուլինը։

Տեսանյութեր

Լրահոս