Սպասում ենք, որ Դատախազությունը ստանա որդուս մահվան վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, հետո կհասկանանք՝ ինչ անենք. Փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայր

Հուլիսի 27-ին դաժան ծեծի ենթարկված և շուրջ 4 տարի կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանը մահացավ, իսկ նրա գործով դատական գործընթացը, ըստ Արա Մխիթարյանի հոր՝ կանգնած է։

«Մենք սպասում ենք, որպեսզի դատախազությունը ստանա իմ որդու մահվան վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, դրանք ստանալուց հետո արդեն մենք կհասկանանք՝ ինչ պետք է անենք։ Կոնկրետ ժամկետ չկա, թե երբ այդ փաստաթղթերը պետք է ստանա Դատախազությունը, դա բժշկական կոմիսիան պետք է տա։

Ժամանակը ցույց կտա, թե մենք ինչ պետք է անենք, ոչ մեկը ռիսկ չի անի այդ գործը կարճել, թղթերն արխիվ էլ չեն գնացել։

Հիմա մենք սպասում ենք, որ նոր հանգամանքներ կարող են ի հայտ գալ, հարցը լուծենք»,- 168.amի հետ զրույցում ասաց փոխգնդապետի հայրը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է միջադեպի ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանի ներկայությանը, ով այդ ժամանակ Վայոց ձորի մարզպետն էր, Սամվել Մխիթարյանը նկատեց.

«Եթե վկաներն ասում են, որ նա հոն է եղել, ուրեմն՝ հոն է եղել։ Այդ տեսախցիկ-մեսախցիկները բոլորը շինծու բաներ են։ Վեց ամիս սպասեցին, որպեսզի վերևից հրաման գա, որ  բոլորին հանեցին, իսկ այդ մարդուն էլ տարան պատգամավոր դարձրեցին»։

Հիշեցնենք՝ 2019-ի սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում տեղի էր ունեցել ծեծկռտուք, ինչի հետևանքով   ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի էր ենթարկվել և հայտնվել անգիտակից վիճակում: Քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը  մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), ինչպես նաև նույն օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ):

Զավեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել միայն 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Հարություն Գրիգորյանն այժմ կալանքի տակ է, իսկ  Զավեն Գրիգորյանը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ գրավի դիմաց ազատ էր արձակվել: Երկու եղբայրներն էլ իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում: Դեպքի հետ կապվում էր նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը: Դեպքին ներկա եղած սպաները ցուցմունք էին տվել, որ նա ներկա է եղել և անգործություն է դրսևորել, նրանք իրենց ցուցմունքները պնդել էին նաև առերես հարցաքննության ժամանակ: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախկին մարզպետը 2019-ի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Չնայած դրան, միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից, այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։

Տեսանյութեր

Լրահոս