Պարեկային ծառայության համար ներդրվել է 29 մլրդ դրամ, որից 20 մլրդ-ը` ՀՀ բյուջեից. Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունում պարեկային ծառայություն հիմնադրելու համար ընդհանուր առմամբ ծախսվել է 29 մլրդ դրամ։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը, այս մասին Արարատի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ պարեկային ոստիկանության հիմնադրման հարցում ՀՀ կառավարությանը մեծ աջակցություն են ցուցաբերել միջազգային գործընկերները։

«Պարեկային ոստիկանության հիմնադրման համար, ընդհանուր առմամբ, ծախսվել է 29 մլրդ դրամ։ Այդ 29 մլրդ դրամից 20 մլրդը ծախսվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, 6 մլրդ դրամը տրամադրել է ԱՄՆ–ն, 3 մլրդ-ը` ԵՄ-ն։ Ցանկանում եմ մեր գործընկերներին և Հայաստանի Հանրապետության բոլոր հարկ վճարողներին շնորհակալություն հայտնել այս գործընթացն իրականություն դարձնելու համար»,- ասել է Փաշինյանը։

Նա իր խոսքում հույս է հայտնել, որ Արարատի մարզի բնակիչներն այս ստորաբաժանման նորամուտից հետո իրենց ավելի պաշտպանված կզգան։ Նա վստահեցրել է` պարեկային ոստիկանության հիմնադրմամբ Հայաստանում ներդրվում է շատ կարևոր ինստիտուտ, որով ամրապնդվում է պետությունը։

Փաշինյանը տեղեկացրել է` առաջիկայում պարեկային ոստիկանությունում նոր ընդունելություն է կազմակերպվելու 300 նոր ծառայողով համալրվելու համար, և նրանց շուրջ 80 տոկոսը լինելու են կանայք։ Նա հույս է հայտնել, ործառայող կանայք իրենց անձնվեր աշխատանքով, օրինակով կքաջալերեն նաև մյուսներին։

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, արտերկրի դիվանագիտական ծառայությունների ներկայացուցիչներ և այլ պաշտոնատար անձինք:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Փաշինյանը մասնակցել էր Արմավիրի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը։

Պարեկային ծառայությունն առաջինը ներդրվել է Երևանում` 2021 թվականին։ Հուլիսի 7-ին վերապատրաստված պարեկային 700 ծառայող առաջին անգամ դուրս էր եկել հասարակական անվտանգությունն ապահովելու համար։

Պարեկային ծառայության մասին ՀՀ օրենքով նախատեսված է, որ ծառայության հաստիքների 30 տոկոսը պետք կանայք զբաղեցնեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031