Ոստիկանները ապօրինի փայտանյութով բեռնված բեռնատարներ են հայտնաբերել
Ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները ապօրինի ձեռք բերված փայտանյութի վերաբերյալ տեղեկությունները ստացել էին հոկտեմբերի 10-ին: Երասխահուն գյուղի տարածքում ստուգման նպատակով կանգնեցվել է Գանձաքար գյուղի 35-ամյա բնակչի վարած «Զիլ» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված էր փայտանյութով: Վարորդը ոստիկաններին ներկայացրել է փայտանյութի օրինականությունը հաստատող փաստաթուղթ:
Պարզվել է, որ բեռը չի համապատասխանում փաստաթղթի գրառմանը: Ակնհայտ երևացել է, որ նշված 8 խորանարդ մետր փայտանյութի փոխարեն մեքենան բեռնված է մոտ 12 խմ հաճարենու կոճղերով:
Արմավիրի համայնքային ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նորապատ գյուղում կայանված է «ԳԱԶ-3302» մակնիշի մի ավտոմեքենա, որը բեռնված է ապօրինի ձեռք բերված կոճղերով:
Տեղեկությունները հաստատվեցին: Հոկտեմբերի 17-ին մեքենային է մոտեցել ոստիկանը և փայտանյութի օրինականության վերաբերյալ փաստաթուղթ պահանջել: Իջևանցի 57-ամյա վարորդը ոստիկանին է ներկայացրել «Ապրանքի մատակարարման հարկային հաշվի» փաստաթուղթ, որտեղ գրվածը, սակայն, չէր համապատասխանում մեքենայի բեռի պարունակությանը: Ներկայացված փաստաթղթում 3 խորանարդ մետր բոխի ծառատեսակի փոխարեն հաճարենու կոճղեր էին:
Բեռնատարները տեղափոխվել են ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքերի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Տավուշի մարզային քննչական կոմիտե:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: