Փորձ է արվում նսեմացնել Ռուսաստանի հետ Հայաստանի կապերի նշանակությունը. Զախարովան՝ Փաշինյանի հարցազրույցի մասին
ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի` Wall Street Journal թերթին տված հարցազրույցը, որտեղ վերջինս հայտարարել էր, թե հանրապետությունում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ առավելություն չի տեսնում։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են արևմտյան ԶԼՄ-ները «հարձակվել» պաշտոնական Երևանի ներկայացուցիչների վրա` նրանցից կորզելով սադրիչ հարցերի պատասխանները։ Մենք տեսնում ենք, որ այդ հարցերն ուղղված են Մոսկվայի և Երևանի բազմապլանային կապերին առավելագույն վնաս հասցնելուն»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով` հայկական ներկայիս իրականությունում նմանատիպ սադրանքները, ցավոք, աշխատում են։
«Մեզ էլ են հաճախ սադրիչ հարցեր տալիս, բայց մենք նախընտրում ենք պատասխանել, որ մեր հարաբերություններում առկա հարցերը, մասնավորապես` Հայաստանի հետ, լուծում ենք երկկողմ խողովակներով։ Մենք առիթ չենք տալիս, որ սադրանքների այդ «բացիլը» տարածվի»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նրա խոսքով` հարցազրույցում փորձ է արվում նսեմացնել Հայաստանի և Ռուսաստանի կապի նշանակությունը, ցածրացնել ՌԴ զինվորականների, սահմանապահների դերը հանրապետության ու նրա քաղաքացիների ապահովման գործում։
«Եկեք փաստեր հիշեցնեմ, չէ՞ որ դրանք կան։ Վերջին տարիներին Հայաստանի տնտեսության սրընթաց աճը (2022 թվականին՝ 12,6 տոկոս) և բնակչության բարեկեցության բարձրացումը մեծապես պայմանավորված են Ռուսաստանի հետ սերտ առևտրատնտեսական փոխգործակցությամբ, համատեղ խոշոր նախագծերի իրականացմամբ և ԵԱՏՄ-ին անդամակցությամբ»,- ասաց Զախարովան։
Նրա խոսքով` ԵԱՏՄ-ում Հայաստանը գլխավոր շահառուն է։ 2022 թվականին Հայաստանից արտահանման ծավալն աճել է 1.6 մլրդ դոլարով, ինչը գրեթե 3 անգամ գերազանցում է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշները։
Նա նաև շեշտեց` Ռուսաստանը Հայաստանի տնտեսության մեջ գլխավոր ներդրողն է։ ՌԴ–ի մասնաբաժինը կազմում է բոլոր օտարերկրյա ներդրումների գրեթե կեսը։ Երկրում գործում են ռուսական կապիտալով ավելի քան 4–5 ընկերություն, որոնք խոշորագույն հարկատուների և գործատուների շարքում են։