Բայդենը Կոնգրեսից 2,2 մլրդ դոլար է պահանջել ուրանի հարստացման կարողությունների մեծացման համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Կոնգրեսից 2,2 միլիարդ դոլար է պահանջել՝ ուրանի հարստացման կարողությունների մեծացման համար, որպեսզի «կախված չլինեն ռուսական աղբյուրներից»։ Այդ մասին ասված է Սպիտակ տան տարածած փաստաթղթում։
Դրանում գործադիր իշխանությունը 2024 ֆինանսական տարվա համար ամերիկացի օրենսդիրներից պահանջում է 6 միլիարդ դոլար՝ ապահովելու «ամերիկյան անվտանգությունն ու անկախությունն էներգետիկ ոլորտում»: Այդ ֆինանսական միջոցներից 2,2 միլիարդ դոլարը կտրամադրվի Էներգետիկայի նախարարությանը՝ ցածր հարստացված ուրանի հարստացման երկարաժամկետ ներքին կարողությունների ընդլայնման համար՝ երկրում մշակվող փոքր մոդուլային միջուկային ռեակտորների աշխատանքն ապահովելու նպատակով։
Միացյալ Նահանգները վերջին տարիներին ջանում է փոխարինել ռուսական վառելիքը ցածր հարստացված ուրանի բարձր մակարդակով՝ իր մոդուլային միջուկային ռեակտորների աշխատանքն ապահովելու համար:
ԱՄՆ-ում առանձնապես տարածված է փոքր ռեակտորների նոր սերնդի մշակման և օգտագործման գաղափարը: Սակայն ԱՄՆ-ում նոր ատոմակայաններ մշակողները մտավախություն ունեն, որ չեն կարողանա իրենց ռեակտորների պատվերներ ստանալ, եթե չապահովվի հարստացված ուրանի անհրաժեշտ ծավալով մատակարարումը։
ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրենհոլմը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս չպետք է Ռուսաստանին փող ուղարկի ուրանի կամ այլ տեսակի վառելիքի համար։ Նրա խոսքով` Վաշինգտոնն աշխատում է նվազեցնել ուրանի ներմուծումը Ռուսաստանից իր կարողությունների մեծացման միջոցով։
Սպիտակ տունը Կոնգրեսից նաև 23,5 միլիարդ դոլար է պահաջել՝ երկրում բնական աղետների հետևանքների վերացման համար: