
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց վարչական տուգանքները կբեկանվեն

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց նկատմամբ վարչական տուգանքները կբեկանվեն։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Նախարարի տեղակալը հայտնել է, որ կբեկանվեն բոլոր տուգանքները, որոնք առաջացել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ մուտք գործելու պահից մինչև հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում։
«Հաշվի առնելով տեղահանման փաստը և մեր հայրենակիցների հուզական վիճակը, ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով տարբեր դրսևորումները և երթևեկության կանոններին ոչ այնքան լավ տիրապետելը՝ որոշում է կայացվել, որ Հայաստան մուտք գործելուց հետո մինչև հոկտեմբերի 25-ը կայացրած վարչական պատասխանատվության բոլոր որոշումները՝ բոլոր տուգանքները օրենքի շրջանակներում կբեկանվեն ոստիկանության պետի համապատասխան հրամանի շրջանակներում։
Հետևապես մեր հայրենակիցները որևէ խնդրի առջև չեն կանգնի մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ կայացված վարչական պատասխանատվության միջոցների մասով»,- ընդգծեց ՆԳ նախարարի տեղակալը։