Բաժիններ՝

Քասախի կիրճում տեղի ունեցած կրակոցների գործով ձերբակալվել է 11 անձ

Քասախի կիրճում տեղի ունեցած խուլիգանական արարքների, բռնությունների, զենքի կիրառման և երկու անձի հրազենային վնասվածքներ ստանալու վերաբերյալ վարույթի շրջանակում ձերբակալվել է 11 անձ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Քասխի կիրճում` «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտու ճանապարհին մի խումբ անձանց միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ժամանակ հնչել էին կրակոցներ, կային վիրավորներ:

Պարզվել է, որ Աշտարակ քաղաքի 65-ամյա բնակիչն ու նրա որդին վիճել են մոտ 40-50 անձի հետ, որոնք սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով, քարեր ու ջրով լցված շշեր շպրտելով՝ մոտեցել են հոր և որդու ուղղությամբ։

«Մոտեցող անձինք, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների՝ հակաիրավական գործունեությունը դադարեցնելու օրինական պահանջներին, բռնություն են գործադրել Աշտարակ քաղաքի 65-ամյա բնակչի և նրա որդու նկատմամբ ու քաշքշել են ոստիկանության աշխատակիցներին։ Նրանց կողմից նետված առարկաներից դիպել են նաև ոստիկանության ծառայողներին»,– ասված է հաղորդագրությունում։

Երբ մոտեցած անձիք սկսել են քարերով, ձեռքերով և ոտքերով հարվածել 65-ամյա քաղաքացուն` նրա որդին ինքնաձիգով մի քանի կրակոց է արձակել։

Դրա հետևանքով Աշտարակ քաղաքի 52-ամյա և Ուջան գյուղի 26-ամյա երկու բնակիչ ոտքի շրջանի հրազենային վնասվածքներ են ստացել և տեղափոխվել բուժկենտրոն։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածով (առողջությանը ծանր վնաս պատճառելը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանություն, որ կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով), 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը) և 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (զենքի գործադրմամբ` պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են կրակված պարկուճներ, 2 դանակ, 1 ձեռնափայտ և այլ առարկաներ։

Ոստիկանությունից ստացվել է դեպքի վայրում վերցված հանցագործության գործիք հրազենը։

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են տասնյակ անձինք, կատարվել են խուզարկություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031