20-ամյա մայրը «Վեդիի» ծննդատանը տղա երեխա է լույս աշխարհ բերել, ապա հրաժարվել նրա խնամքից և հեռացել
Հոկտեմբերի 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և Ոստիկանության Արարատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը «Վեդիի» ծննդատանը երեխա է ծնվել, ում մայրը, երեխային թողնելով հիվանդանոցում, հեռացել է՝ ասելով, որ ինքը հրաժարվում է երեխայից:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանն ու Ոստիկանության Արարատի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Անտոնյանը ու անչափահասների գործերով բաժանմունքի պետը:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 20-ամյա Ս. Ս.-ն Վեդիի ծննդատանը տղա երեխա է ծննդաբերել և հրաժարվել երեխայի խնամքի պարտականությունը կատարելուց՝ երեխային թողնելով ծննդատանը ու հեռացել է այնտեղից: Դեպքի փաստով Ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանները ճշտել են մոր բնակության վայրը և ձեռնարկում են միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և քննչական բաժին ներկայացնելու համար: