Բաժիններ՝

Հայրենական առաջին արբանյակն անցել է բոլոր թեստավորումներն ու սպասում է թռիչքին. քննարկում են հաջորդ՝ ավելի բարդ արբանյակի տեսլականը

Հայկական «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի (CSIE) համատեղ աշխատանքների արդյունքում ստեղծված և Hayasat-1 անվանումը ստացած հայրենական առաջին արբանյակն անցել է թեստավորման բոլոր փուլերն ու պատրաստ է SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով տիեզերք թռչելուն: Ընկերությունն այժմ ստեղծում և նախապտարաստում են բոլոր անհրաժեշտ պայմանները, գործիքակազմն ու ընթացակարգերը արբանյակից առաջիկայում տվյալներ ստանալու, մշակելու, հրահանգներ ուղարկելու և թռիչքային գործընթացները կառավարելու համար, ինչպես նաև քննարկում են հաջորդ՝ ավելի բարդ արբանյակի տեսլականը:

«Արբանյակը թեստավորման բոլոր փուլերը բարեհաջող է անցել. չգնալու հավանականություն չկա: Մեր կողմից ամենինչ արվել է, որ արբանյակի խափանման ռիսկերը հասցվեն նվազագույնի: Պատրաստվում ենք արբանյակի տված տվյալների ստացման ու մշակման աշխատանքներին: Սրան զուգահեռ՝ սկսել ենք քննարկումներ հաջորդ՝ ավելի բարդ արբանյակի ֆունկցիոնալության վերաբերյալ, որպեսզի հասկանանք՝ ինչ է լինելու հաջորդ ծրագիրը, ինչպիսի շտկումներ են լինելու և ինչ նոր ֆունկցիոնալ կարողություններ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Բազումք»-ի համահիմնադիր և տեխնիկական գծով տնօրեն Հայկ Մարտիրոսյանը:

Արբանյակը Հայաստանում թեստավորելուց և կապարակնքելուց հետո ուղարկվել է Նիդերլանդների Դելֆթ քաղաքի ISISPACE կենտրոն:

«Արբանյակը մեր և ISISPACE կենտրոնի աշխատակիցների հետ համատեղ տեղափոխել ենք Նիդեռլանդների օդատիեզերական կենտրոն (NLR), որտեղ և անցել է թեստավորումը: Հետո այն նորից տեղափոխվել է ISISPACE, որտեղ կատարվել է արբանյակի ինտեգրացիան տեզերքում այն հրթիռից դուրս հրող և ուղեծիր հանող սարքի հետ։ Այս գործըթացն իրականցվել է այլ երկրների արբանյակների հետ միաժամանակ: Դրանք բոլորը առաջիկայում ամրացվելու են Falcon-9 հրթիռին և արձակվեն տիեզերք»,- մանրամասնեց Մարտիրոսյանը:

Այժմ արբանյակը բերված է նախաթռիչքային վիճակի և հրթիռի տիեզերք հանող հատուկ սարքի մեջ սպասում է թռիչքին:

Հոկտեմբերի 13-15 անցկացվող «ԴիջիԹեք» 18-րդ ցուցահանդեսի մասնակիցները հնարավորություն ունեցան տեսնելու, թե ինչպես է Hayasat-1-ը տիեզերքում բացելու ալեհավաքներն ու ազդանշաններ ուղարկելու Երկիր:

«Երկրային նմուշը իրական արբանյակի կրկնօրինակն է․ նրա վրա նախապես մշակվել ու փորձարկվել են բոլոր ծրագրերը, համակարգերը, հետո միայն, ըստ ձեռք բերված փորձի և մշակված ընթացակարգերի, պատրաստվել է թռիչքային նմուշը։ Երբ արբանյակն արդեն պատրաստ է լինում թռիչքի, դրա վրայից հանվում է հատուկ կարմիր լեզվակը՝ այդպիսով ակտիվացնելով արբանյակի ալեհավաքների բացման մեխանիզմը։ Հետո արբանյակը տեղադրվում և ֆիքսվում է տիեզերքում այն դուրս հրող հատուկ սարքում, որտեղ սեղմվում են բացման մեխանիզմի գործարկումը կանխող սեղմակները: Երբ Falcon 9-ն արդեն տիեզերքում լինի, սարքը զսպանակներով դուրս կհրի արբանյակը, սեղմակները կազատվեն, ինչի արդյունքում կսկսվի հետհաշվարկ, որպեսզի սահմանված ժամանակն անցնելուց հետո հերթով բացվեն Hayasat-1-ի 4 ալեհավաքները, ու սկսվի դրանց միջոցով ազդանշանների հաղորդումը Երկիր»,- ներկայցվեց ցուցադրության ժամանակ:

«Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան ունի վերերկրյա կայանք, որի միջոցով էլ որսալու է արբանյակի ուղարկած ազդանշանները՝ հենց արբանյակն անցնելիս լինի Հայաստանի վերևով:

Այս կայանքով թիմն արդեն ազդանշաններ է ստացել ֆրանսիական Վերսալի համալսարանի արբանյակից ու փոխանցել նրանց: «Բազումք»-ի համահիմնադիր Ավետիք Գրիգորյանի խոսքով՝ սա փոխշահավետ համագործակցություն է, քանի որ հետագայում, եթե իրենք էլ ուզենան տվյալներ ստանալ Hayasat-1-ից, երբ այն անցնելիս լինի Ֆրանսիայի վերևով, Վերսալի համալսարանը կարող է աջակցել իրենց:

«Տիեզերական ոլորտը երկրի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունի, որովհետև ամենավերջին բարձր տեխնոլոգիաները կիրառվում են տիեզերքում ու գաղտնիք չէ, որ տիեզերքի տնտեսական շուկան էլ խոստումնալից է: Ես հույս ունեմ, որ Հայաստանը իր տեղը «Բազումք»-ն ու CSIE-ը սեպտեմբերին դրամահավաք են սկսել, որի նպատակն է և՛ հանրությանն իրազեկել իրենց նախագծի մասին, և՛ միջոցներ հայթայթել հետագա աշխատանքների համար։ Դրամահավաքը դեռ շարունակվում է:

Նոյեմբերի վերջին Hayasat-1-ը Falcon 9-ով կարձակվի տիեզերք: Իսկ թե ինչպես տիեզերական գաղափարը միավորեց «Բազումք»-ին ու CSIE-ին, և ստեղծվեց Hayasat-1-ը, կարող եք կարդալ «Արմենպրես»-ի անդրադարձում:

«ԴիջիԹեք23»-ն իրականություն դարձավ՝ առաջին անգամ Մերիդիան էքսպո կենտրոն տեղափոխվելով: 120 մասնակից ընկերություն, 40-ից ավելի բանախոս՝ տարբեր միջոցառումներին ներկայացան այս տարվա տեխնոլոգիական ցուցահանդեսին:Ցուցահանդեսը Երևանում անցկացվում է 2006 թվականից: Գլխավոր կազմակերպիչն Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (նախկինում գործում էր որպես Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն):

Կարինե Տերտերյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս