
Չինաստանում հայտնաբերվել է արժեքավոր հազվագյուտ տարր

Գիտնականները հայտնաբերել են նախկինում անհայտ տեսակի հանքաքար՝ յուրահատուկ բաղադրությամբ։ Գտածոն բարձր գնահատականի է արժանացել իր գերհաղորդիչ հատկությունների համար:
Հանքաքարը, որը կոչվում է նիոբաոտիտ, բաղկացած է նիոբիումից, բարիումից, տիտանից, երկաթից և քլորիդից։ Այն չինացի մասնագետները հայտնաբերել են հոկտեմբերի սկզբին, հայտնում է Space.com-ը։
Հենց հանքաքարում առկա նիոբիումը մեծ աղմուկ բարձրացրեց գիտական հանրության շրջանում: Այս բաց մոխրագույն մետաղն այժմ օգտագործվում է հիմնականում պողպատի արտադրության մեջ, որն ամրացնում է առանց մեծ քաշ ավելացնելու: Նիոբիումն օգտագործվում է նաև համաձուլվածքների արտադրության մեջ։ Այն կարելի է գտնել մասնիկների արագացուցիչներում և այլ առաջադեմ գիտական սարքավորումներում, որտեղ այն օգտակար է՝ որպես գերհաղորդիչ ցածր ջերմաստիճաններում:
Նիոբաոտիտը հայտնաբերվել է Ներքին Մոնղոլիայի Ինքնավար Մարզի Բաոտու քաղաքում գտնվող Բայան Օբո հանքաքարում: Դարչնագույն-սև հանքաքարը հանքավայրում հայտնաբերված 17-րդ նոր տեսակն էր և տարածաշրջանում հայտնաբերված 150 նոր հանքանյութերից մեկը: Այս մասին հայտարարել են Չինաստանի ազգային միջուկային կորպորացիայի (CNNC) ներկայացուցիչները։
Բացահայտումը կարող է անսպասելի լինել Չինաստանի համար, որը ներկայումս ներմուծում է իր նիոբիումի արտադրության 95%-ը: «Կախված այս նիոբիումի քանակից և որակից՝ այն կարող է Չինաստանը դարձնել ինքնաբավ»,- ասում է Սինգապուրի ազգային համալսարանի (NUS) էլեկտրատեխնիկայի և համակարգչային տեխնիկայի պրոֆեսոր Անտոնիո Ջ. Կաստրո Նետոն:
Ակնկալվում է, որ ապագայում մետաղը մեծ պահանջարկ կունենա։ Ժամանակակից հետազոտողներն արդեն ուսումնասիրում են նոր նիոբիում-լիթիում և նիոբիում-գրաֆեն մարտկոցների ստեղծման գործընթացները։
Նիոբիում-լիթիումային մարտկոցները հրդեհի ավելի ցածր ռիսկ ունեն, քան ավանդական լիթիումային մարտկոցները: Նրանք նաև ավելի արագ են լիցքավորվում (10 րոպեից պակաս) և կարող են ավելի հաճախ լիցքավորվել: Որոշ գիտնականների կարծիքով՝ դրանք կարող են ծառայել մոտ 30 տարի, ինչը մոտ 10 անգամ ավելի է, քան լիթիում-իոնային մարտկոցները։
Սիրարփի Աղաբաբյան