Կռիվը մտել է յուրաքանչյուրիս տուն. Ալիևի հաթաթային վերջ տվող մարդ է պետք մեզ. Աշոտ Հարությունյան. «Փաստինֆո»
Կռիվը մտել է անխտիր յուրաքանչյուրիս տուն, և ամեն մի ընտանիք պետք է մտածի ու գործի՝ ի նպաստ ազգ-բանակի կառուցման։
Ֆիզիկական ու պարենային լրջագույն մարտահրավերների առաջ ենք կանգնած, ավելի քան 100 հազար հայրենակիցներ տուն ու տեղ են կորցրել, բայց նրանց օգնելու, առկա մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ ոչ մի քայլ չի արվում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում արտահայտելով իր մտահոգությունը՝ այդ մասին ասաց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։
«ՀՀ սահմաններն ամրացնելը, եղած ռեսուրսները ճիշտ օգտագործելն առաջնահերթություն պետք է լինի։ Քանի դեռ անվտանգային հարցը չենք լուծել, մնացած խնդիրներից խոսելն անիմաստ է։ Արցախի կորստից հետո ես արդեն մտավախություն ունեմ, որ հնարավոր է Տավուշի որոշ գյուղեր էլ կորցնենք։ Եղածը պահել է պետք։ Թուրքիան արդեն քանի տարի է՝ ջրամբարներ է կառուցում։ Ախուրյանի ջրամբար եկող ջրերի հոսքն էն կողմից փակ է, դրա համար էլ Արմավիրում ու Արարատում մարդիկ ոռոգման լուրջ խնդիր ունեն։ Մենք անգամ ամբարտակներ չենք կառուցում, ջրի հոսքը չենք կառավարում, մեր ունեցած ռեսուրսները նպատակային չենք օգտագործում։ Գյուղատնտեսություն չկա Հայաստանում, մինչդեռ պարենային անվտանգությունը հենց դրանից է մեծապես կախված»,-ասում է Հարությունյանը։ Ստեղծված իրավիճակից դուրս գալ ու մեջքներս ուղղել, Հարությունյանի համոզմամբ, կստացվի, եթե ամեն մեկն իր մեջ ուժ գտնի։ Զրուցակիցս հիշում է՝ երկրաշարժից հետո թվում էր, թե աշխարհի վերջն է, բայց երկաթբետոնե կոնստրուկցիաների տակից մարդիկ են փրկվել ու շարունակել ապրել։
«Իրեն ՀՀ ղեկավար համարողը եթե մի կաթիլ սիրում է էս ազգին, պետք է հրաժարական տա, գոնե հիմա պիտի հեռանա, ասի՝ հազար անգամ ներողություն եմ խնդրում, ուզում էի լավ լինի, բայց հակառակը եղավ, այլապես բոլորիս համար շատ ավելի ծանր է լինելու։ Աստծո դատաստանը լինելու է, գուցե ուշանում է, բայց լինելու է, ու ոչ ոք չի խուսափելու դրանից, իսկ մինչ այդ այս պատվողականությանը վերջ դնել է պետք, Ալիևի հաթաթայի վերջը տվող մարդ է պետք մեզ»,-ասում է Հարությունյանն ու վստահեցնում՝ եթե խելացի մարդիկ լսեն միմյանց, մի կողմ դնեն բոլոր ամբիցիաներն ու ազգին համախմբեն, ապա կկարողանանք ոտքի կանգնել։