ԱՄՆ 2000 զինվորական բարձր պատրաստության վիճակում սպասում է կարգադրության՝ Մերձավոր Արևելքում տեղակայվելու

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կարգադրել է շուրջ 2000 զինվորականի պահել բարձր պատրաստության վիճակում, որպեսզի համապատասխան հրամանի դեպքում նրանք տեղակայվեն Մերձավոր Արևելքում։ Այս մասին հաղորդում է   Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհի տարածած հայտարարությունը։

Նշվում է, որ այս նախաձեռնությունը «կմեծացնի Պաշտպանության նախարարության կարողությունը՝ արագ արձագանքելու Մերձավոր Արևելքում անվտանգային զարգացող իրավիճակին»։

«Այս պահին որևէ ուժեր տեղակայելու որոշում ընդունված չէ։ Նախարարը կշարունակի գնահատել մեր ուժերի դիրքերը և սերտ կապի մեջ կլինի դաշնակիցների և գործընկերների հետ», – նշված է հայտարարությունում։

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ընթացող պատերազմի վերջին օրերի ընթացքում ԱՄՆ-ն ամրապնդում է իր ներկայությունը Մերձավոր Արևելքում։ Վաշինգտոնն արդեն երկրորդ ավիակիրն է ուղարկել Միջերկրական ծովի արևելք։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Իսրայելը նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։ Երկու կողմերում զոհերի թիվը գերազանցել է 4200-ը, վիրավորների թիվը գրեթե 11 000 է։ ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդների թիվն, ըստ իսրայելական կողմի, 199 է։

Տեսանյութեր

Լրահոս