ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տրամադրվող դրամական աջակցությունը բռնագանձման ենթակա չէ․ պարզաբանում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրամադրվող դրամական աջակցությունը բռնագանձման ենթակա չէ։

Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը՝ պատասխանելով քաղաքացիների կողմից հաճախ բարձրաձայնվող հարցերին։

Նա ընդգծել է, որ բռնագանձման ենթակա չեն ինչպես 100 հազար դրամ միանվագ, այնպես էլ բնակության ու կոմունալ ծախսերը հոգալու համար նախատեսվող համապատասխանաբար՝ 40 հազար և 10 հազար դրամ աջակցությունները։

Անդրադառնալով բնակության ծախսերի համար 40 հազար դրամի աջակցության փոխանցման ընթացակարգին, Մանուչարյանը հայտնել է, որ այն կտրամադրվի նույն կերպ ինչպես միանվագ 100 հազար դրամ աջակցությունը։

Նրա խոսքով՝ աջակցությունը ստանալու համար վարձակալության պայմանագիր կնքելը պարտադիր չի լինելու։

«Այս ծրագրով կառավարությունը նպատակ ունի ոչ թե վարձակալության ծրագիր իրականացնել, այլ մեր հայրենակիցներին ապահովել ժամանակավոր կացարանով»,-պարզաբանել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակը։

Տեսանյութեր

Լրահոս