
Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել

Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտարարել է, որ չի մասնակցել ադրբեջանցիների դեմ «հանցագործություններին»։
«Այնտեղ ապրող ադրբեջանցիները ինձ մտերիմ էին, ես բոլորին ճանաչում էի։ Կռվի ժամանակ ես ոչ մի գործողության չեմ մասնակցել»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաքվում սկսվել է Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը:
68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել էր հուլիսին ադրբեջանական ուժերի կողմից, երբ Կարմիր խաչը նրան տեղափոխում էր Հայաստան՝ սրտի շտապ վիրահատության համար։ Դա տեղի է ունեցել Հակարի կամրջի վրա ապօրինաբար տեղադրված անցակետում:
Այդ ժամանակվանից Խաչատրյանն ապօրինի կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում։ Նրան ներկայացվել են «ցեղասպանության» մեղադրանքներ, որոնք կարող են հանգեցնել 20 տարվա ազատազրկման կամ ցմահ ազատազրկման:
Նրա առաջին դատական նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին: