Բաժիններ՝

ՄԱԳԱՏԷ-ի, Չինաստանի, Կանադայի և Հարավային Կորեայի փորձագետներն սկսել են «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի մերձակայքից ծով ջրի նմուշառումը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մասնագետները, ինչպես նաև փորձագետներ Կանադայից, Չինաստանից և Հարավային Կորեայից սկսել են «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի մերձակայքից ծովի ջրի նմուշառումը: Ատոմակայանից օգոստոսի վերջին սկսվել է ռադիոակտիվ մասնիկներից մաքրված ջրի բացթողումը, Ինչն անվտանգության հետ կապված մտահոգություններ է առաջացրել։

Kyodo գործակալությունը հաղորդում է, որ մասնագետների խումբը կաշխատի մինչև հոկտեմբերի 23-ը և պետք է ստուգի ճապոնական կողմի իրականացրած մոնիթորինգի արդյունքները։

Կանադայի, Չինաստանի և Հարավային Կորեայի փորձագետներն, ըստ Kyodo գործակալության, հրավիրվել են ՄԱԳԱՏԷ-ի կողմից և պետք է ծովի մոնիթորինգի գործընթացի «լրացուցիչ թափանցիկություն» ապահովեն։

Բացի ջրի նմուշներ հավաքելուց, փորձագետները նաև կկատարեն ծովամթերքում ռադիոակտիվ նյութերի առկայության անալիզ: Ենթադրվում է, որ ներկայիս նմուշների արդյունքները կհամեմատվեն անցյալ տարի ստացված տվյալների հետ:

2011 թվականի մարտին ցունամին շարքից հանել էր «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի էներգետիկ և հովացման կայանքներն, ինչը հանգեցրեց երեք ռեակտորների միջուկային վառելիքի հալեցման, դրանց կորպուսների քայքայման, պայթյունների և մեծ քանակությամբ ռադիոակտիվ նյութերի արտանետման: Ներկայում կայանի տարածքը և հարակից շրջանները գործնականում մաքրված են։ Սակայն միջուկային վառելիքի բեկորների սառեցման համար մշտապես ջուր է լցվում քայքայված ռեակտորների մեջ, որը ճեղքերից դուրս է հոսում ռադիոակտիվ խիստ աղտոտվածությամբ:

Ջուրը, սակայն, մաքրումից հետո էլ պարունակում է տրիտում՝ ջրածնի ռադիոակտիվ իզոտոպ, որը չի ենթարկվում հեռացման։ Այժմ ատոմակայանի տարածքում կուտակվել է ավելի քան 1,34 մլն տոննա ջուր։ Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել 30-40 տարվա ընթացքում այն աստիճանաբար լցնել օվկիանոսը: Ծրագիրը հավանության է արժանացել ՄԱԳԱՏԷ-ի կողմից, սակայն որոշ երկրների մոտ դժգոհություն է առաջացրել։ Չինաստանն արգելել է ճապոնական ծովամթերքի ներմուծումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս