
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը նոր մարզիչ ունի

Հայաստանի բասկետբոլի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել Թադե Մարտիրոսյանը:
Այս մասին հայտնում է բասկետբոլի ֆեդերացիան: Մարտիրոսյանն արդեն երկար տարիներ մարզչական գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում: Նրա մի շարք սաներ հանդես են եկել Հայաստանի կանանց տարբեր տարիքային հավաքականներում:
2000-2015թթ. եղել է «Գլենդել» տղաների թիմի մարզչի օգնականը: 2015թ.-ից սկսած «Գլենդել» աղջիկների թիմի գլխավոր մարզիչն է, իսկ 2016 թվականից մինչև օրս հանդիսանում է Գլենդելի Ավագ դպրոցի մարզական տնօրենը: 2018թ.-ին հայազգի մարզչի գլխավորած թիմը դարձել է «Խաղաղօվկիանոսյան լիգայի» չեմպիոն, իսկ նա ճանաչվել է առաջնության լավագույն մարզիչ: Թադե Մարտիրոսյանի գլխավորությամբ Հայաստանի թիմը 2024 թվականի ամռանը կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը:
Հայաստանի կանանց ազգային հավաքականը վերջին անգամ մասնակցել էր նման ստուգատեսի 2010 թվականին: