Ադրբեջանը ԼՂ-ում իրականացրել է էթնիկ զտումներ․ Վրաստանում ՀՀ դեսպան
Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը հարցազրույց է տվել վրացական Interpressnews.ge-ին։ Հարցազրույցում Սմբատյանը անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային, տարածաշրջանում ընթացող վերջին իրադարձություններին:
Դեսպանը նշել է, որ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի լիարժեք զարգացումը հնարավոր է միայն տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման և համաչափ զարգացման միջոցով։
Լրագրողն առաջին հերթին դեսպանին հարցրել է ԼՂ-ում տիրող իրավիճակի հետ կապված, որին ի պատասխան դեսպանը նշել է․
«ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահները, փաստորեն, չկարողացան կասեցնել ադրբեջանական ագրեսիան ԼՂ խաղաղ բնակչության դեմ, ավելին, ագրեսիայի զոհ դարձան նաև ռուս խաղաղապահները։ Եվ դա տեղի ունեցավ Լաչինի միջանցքի ապօրինի փակման միջոցով Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա շրջափակումից հետո, որը հանգեցրել էր սննդի, բժշկական պարագաների, վառելիքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների սպառման Լեռնային Ղարաբաղում։ Հայտնվելով էկզիստենցիալ վտանգի առջև՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչներն այլընտրանք չունեին, քան հեռանալ իրենց հայրենի հողից, որտեղ ապրել են տասնյակ դարեր շարունակ։ Ագրեսիայից հետո 3-4 օրվա ընթացքում ավելի քան 100.000 մարդ՝ Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ բնակչությունը, բռնի տեղահանվեց և ապաստան գտավ Հայաստանում»։
Այն հարցին, որը վերաբերում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, որտեղ ասվում է, որ Ադրբեջանը կապ չունի Ղարաբաղի տարածաշրջանի տեղի հայերի` Հայաստան կամ որևէ այլ երկիր տեղափոխվելու որոշման հետ, և որ Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են համապատասխան քայլեր ձեռնարկել նրանց վերաինտեգրման համար, դեսպանը պատասխանել է․
«Հին ու իմաստուն ասացվածք կա՝ «Մարդկանց մտադրությունները գնահատվում են ոչ թե խոսքերով, այլ գործերով»: Ադրբեջանի քաղաքականությունն ու գործողությունները վերջին մեկ տարվա ընթացքում ակնհայտորեն ցույց են տալիս այս զանգվածային հանցագործության կանխամտածված և կազմակերպված բնույթը։ Լայնածավալ ռազմական ագրեսիայի միջոցով բնակչությանը հասցնելով սովի շեմին և ստիպելով հեռանալ հայրենիքից՝ արհամարհելով միջազգային բոլոր նորմերը, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իրականացրեց էթնիկ զտումներ»։
Կապված Եվրամիության՝ որպես միջնորդ դերի հետ, Սմբատյանը նշել է, որ բարձր է գնահատում Եվրամիության ջանքերն այս ուղղությամբ, մասնավորապես՝ Գրանադայում կայացած հանդիպումից հետո արված հայտարարությունը, ինչպես նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ստեղծումը։
«Խախտելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները՝ Ադրբեջանը որոշել է «բոլոր հարցերը լուծել» բիրտ ուժի կիրառմամբ՝ ուղեկցվող ռազմական հանցագործություններով։ Ադրբեջանի այս արկածախնդրությունը ոչ միայն կործանեց տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագրեր, խարխլեց տարածաշրջանի ողջ անվտանգության համակարգը, այլեւ դարձավ հարցերը ուժով ու պարտադրանքով լուծելու հերթական անպատիժ օրինակը։
Կարծում եմ, որ մեր տարածաշրջանն այնքան փոքր է, որ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի լիարժեք զարգացումը հնարավոր է միայն տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ և համաչափ զարգացմամբ։ Հենց այս գիտակցումով է, որ չնայած բազմաթիվ դժվարություններին, Հայաստանը լծվել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ խնդիրները լուծելու անկեղծ ցանկությամբ և կառուցողական վերաբերմունքով»,- ըստ aliq.ge-ի՝ նշել է դեսպանը։