Եգիպտոսի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները միջոցներ չեն ձեռնարկել` բացելու «Ռաֆահ» անցակետը

Եգիպտոսը պատրաստ է «Ռաֆահ» հսկիչ անցակետով մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, սակայն Իսրայելի իշխանությունները պաղեստինյան անկլավից սահմանային անցակետի բացման միջոցներ չեն ձեռնարկել։ Այս մասին հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին Կահիրեում իր ֆրանսիացի պաշտոնակից Կատրին Կոլոննայի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք պատրաստ ենք օգնություն հասցնել Գազայի հատված «Ռաֆահ» հսկիչ անցակետով։ Սակայն, ցավոք, Իսրայելի կառավարությունը դիրքորոշում չի ընդունել Գազայի հատվածի կողմից անցակետը բացելու հարցում», – Շուքրիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե Գազայի հատվածի հարավային շրջաններում տեղական ժամանակով ժամը 09:00-ից ուժի մեջ է մտնում ժամանակավոր հրադադար՝ ապահովելու մարդասիրական օգնության անվտանգ առաքումը անկլավ, ինչպես նաև քաղաքացիական անձանց տարհանումը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, թե՛ Իսրայելի վարչապետի աշխատակազմը, թե՛ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հերքել են Գազայի հատվածում հրադադարի և հսկիչ անցակետի բացման մասին տեղեկատվությունը։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Իսրայելը նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։

Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 1400-ը։ Պաղեստինյան կողմում զոհերի թիվը, ըստ Առողջապահության նախարարության, հասել է 2808-ի։ Նրանցից 2750-ը զոհվել է Գազայում, 58-ը՝ Հորդանան գետի արևմտյան ափին։ Երկու կողմերից վիրավորների թիվը 10 950 է, այդ թվում՝ 9700-ը՝ Գազայում։

Գազայում ՀԱՄԱՍ-ի կողմից գերի է պահվում 199 մարդ։

Տեսանյութեր

Լրահոս