Կազմակերպել և ղեկավարել էր մանկության ընկերոջ սպանությունը․ մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է դեռևս 2019թ. Դիլիջան քաղաքի բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մասով նախաքննությունը:
Այսպես. 2019թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, անհայտ անձը (անձինք), Դիլիջան քաղաքում գործող ռեստորանի դիմաց, սպանելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինի պահվող ինքնաձիգից կրակահերթ էր արձակել նույն քաղաքի բնակչի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս և ընկերը ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը՝ Դիլիջան քաղաքի բնակիչ Մ.Խ.-ն, մահացել էր:
Իրականացված քննչական անհրաժեշտ գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Դիլիջան քաղաքի բնակիչներ՝ Ա.Բ.-ն, Մ.Խ.-ն և Ա.Ղ.-ն եղել են մանկության ընկերներ: 2019թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Մ.Խ.-ն և Ա.Ղ.-ն Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում գործող գազալցակայանում հանդիպել են Ա.Բ.-ին, որտեղ վերջինիս և Ա.Ղ.-ի միջև վիճաբանություն է առաջացել։ Դրա ընթացքում Ա.Բ.-ն իր մոտ եղած հրազենից կրակոցներ է արձակել Ա.Ղ.-ի ուղղությամբ՝ պատճառելով հրազենային մարմնական վնասվածքներ: Վիճաբանությանը միջամտել է Մ.Խ.-ն և Ա.Բ.-ին հեռացրել մի կողմ, որից հետո վերջիններիս միջև ձևավորվել են լարված փոխհարաբերություններ:
Ա.Ղ-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Ա.Բ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որի ընթացքում նա բնակվել է ընկերոջ ընտանիքին պատկանող հյուրանոցային համալիրում՝ միաժամանակ կազմակերպելով մանկության ընկերոջ՝ Մ.Խ.-ի սպանությունը և այդ ուղղությամբ ձեռնարկելով նախապատրաստական մի շարք գործողություններ։ Սպանությունից մոտ 3 ամիս առաջ մեկ այլ ընկերոջ միջոցով նա գնել է ՎԱԶ 2107 մակնիշի խոտանված ավտոմեքենա, որի մեջ թաքցրել է ինքնաձիգ, սակայն մինչ Մ.Խ.-ի սպանության դեպքը, 2019 թվականի դեկտեմբերի 16-ին, նշված ավտոմեքենան իրավապահների կողմից հայտնաբերվել է, որի մեջ հայտնաբերվել է նաև փամփուշտներով լիցքավորված նշված ինքնաձիգը:
Այնուհետև Ա.Բ.-ն, շարունակելով հանցավոր մտադրությունը կյանքի կոչելու գործողությունները, ներգրավել է ինքնությունները չպարզված այլ հանցակիցների և ղեկավարել նրանց արարքները:
Մասնավորապես՝ վերջիններիս հետ նա ձեռք է բերել հանցավոր համաձայնություն և այդ նպատակով 2019թ․ դեկտեմբերի 23-ին, հանցագործության միջոց ծառայելու համար, ձեռք է բերել Opel Astra G մակնիշի ավտոմեքենա՝ այն տրամադրելով ինքնությունները չպարզված նշված անձանց։ Վերջիններս ղեկավարվելով և հրահանգավորվելով Ա.Բ.-ի կողմից, 2019թ․ դեկտեմբերի 24-ի երեկոյան, Դիլիջան համայնքի Կալինինի փողոցում գործող ռեստորանի մոտ նկատելով Մ.Խ.-ի ավտոմեքենան, դարանակալել են և ժամը 21:00-ի սահմաններում ռեստորանից Մ.Խ.-ի դուրս գալուն պես հիշյալ անձանցից մեկն ինքնաձիգից կրակահերթ է արձակել Մ.Խ.-ի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս և նրա ընկերը ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն, որտեղ Մ.Խ-ն ստացած 9 միջանցիկ հրազենային վնասվածքներից մահացել է: Դեպքից հետո սպանությունն իրականացրած անձինք նույն ավտոմեքենայով դիմել են փախուստի:
Նախաքննության ընթացքում Opel Astra G մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է: Դեպքի վայրի և հիշյալ տրանսպորտային միջոցի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են փամփուշտի պարկուճներ, ինչպես նաև՝ քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ առարկաներ։
Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ Opel Astra G մակնիշի ավտոմեքենայի հայտնաբերման վայրից հանցագործներին UAZ 31519 մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է վերջիններիս ծանոթ, նույն քաղաքի բնակիչը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա.Բ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Վերջինիս վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Սպանությունն իրականացրած անձի, հանցագործությանն օժանդակողների, ինչպես նաև ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու մասով նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: