Գազայի ավելի քան 1 միլիոն բնակիչ ստիպված է եղել լքել իր տունը. ՄԱԿ
Ավելի քան 1 միլիոն մարդ ստիպված է եղել լքել տունը Գազայի հատվածում՝ Իսրայելի կողմից անկլավի զանգվածային գնդակոծությունների պատճառով։ Այդ մասին ասված է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (UNRWA) հայտարարության մեջ։
«Ավելի քան 1 միլիոն մարդ, որը կազմում է Գազայի ամբողջ բնակչության գրեթե կեսը, ստիպված է եղել լքել տները։ Ըստ որում, շուրջ 600 հազար ներքին տեղահանվածներ գտնվում են անկլավի կենտրոնական շրջաններում, իսկ նրանցից 400 հազարը տեղավորված են UNRWA-ի օբյեկտներում, ինչը մի քանի անգամ գերազանցում է օգնություն տրամադրելու մեր հնարավորությունները», – ընդգծել են գործակալությունում:
«Զգալիորեն սահմանափակված է Գազայի բնակիչներին խմելու մաքուր ջրի հասանելիությունը: Մարդիկ ստիպված են խմել ջրհորների ջուր, ինչը հարուցում է ջրի միջոցով հիվանդությունների տարածման լուրջ անհանգստություններ», – հավելել են գործակալությունում։
Բացի այդ, UNRWA-ն հաստատել է իր 14 աշխատակիցների մահվան փաստը Գազայում ՝ նշելով, որ այդ թիվը վերջնական չէ և կարող է հետագայում աճել։
Ավելի վաղ UNRWA-ի գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին հայտարարել էր, որ իր կազմակերպությունն այլևս չի կարող մարդասիրական օգնություն տրամադրել Գազայի հատվածում, քանի որ այնտեղ ջուրը վերջանում է, և չի բավականացնում էլեկտրաէներգիան։ Հանձնակատարի խոսքով՝ Գազայի հատվածի տարածքում նաև շուտով կվերջանան պարենը և դեղորայքը։
Ավելի վաղ Իսրայելը հայտնել էր Լիբանանի հետ սահմանին գտնվող 28 համայնքներից բնակիչների տարհանման մասին։