Ռուսական և ամերիկյան ուժերը խոչընդոտել են Թուրքիայի ներքին խաղաղությանը. Գյուլ
Հոկտեմբերի 15-ին Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառման ելույթի ընթացքում անդրադարձել է քրդական հարցին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Եթե մենք կարողանայինք մեծ վստահության ներքո ավելի համապարփակ, ժողովրդավարական և հիմնարար իրավունքի և ազատությունների շրջանակներում լուծել քրդական հարցը, որի վրա ուշադրություն էր հրավիրել Մուստաֆա Քեմալ Փաշան դեռևս 1923-ի Իզմիթի իր ելույթում, մենք կամրապնդեինք մեր բոլոր հայրենակիցների նվիրվածությունն ու հավատարմությունը, երկրին, կկարողանայինք խոչընդոտել խնդրի տարածաշրջանային չափերի հասնելը և այդպիսով՝ դրա միջազգային ուժերի ձեռքին խաղալիքի վերածվելը»։
Նա նաև ափսոսանք է հայտնել, որ նախ Խորհրդային միության և Ռուսաստանի, ապա ԱՄՆ ուժերը կարողացել են խոչընդոտել Թուրքիայի ներքին խաղաղությանն ու տնտեսության զարգացմանը:
Գյուլը պնդել է, որ այդ երկրները, իրենց տարածաշրջանային շահերից և առաջնահերթություններից ելնելով, լոկացիոն աջակցություն են տրամադրել իրենց կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումներին: