Ալիևի նշանակած Ստեփանակերտի պարետը և Թաթուլ Հակոբյանի կեղծ գրառման նպատակը
Այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները լուսանկար էին հրապարակել և տեղեկացրել, որ Իլհամ Ալիևը Ստեփանակերտի պարետ է նշանակել
ոստիկանության գեներալ-մայոր Սարդար Սաֆարովին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե Ադրբեջանը արցախահայ Սարգիս Գալստյանին է նշանակել Ստեփանակերտի պարետ.
«Սարգիս Գալստյանը, որ Ալիևի վարչակազմի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ, Արցախի Ազգային ժողովի Արդարություն խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի հարազատ հորեղբայրն է և Բակո Սահակյանի հետ ունի քավոր-սանիկական կապեր: Սարգիս Գալստյանը եղել է Արցախի Կրթության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ավելի վաղ՝ Շուշիի շրջանի վարչակազմում պաշտոնյա: Ես այս տեղեկատվությունը հիմա տալիս եմ բաց, քանի որ արդեն Ադրբեջանը հաստատեց: Սարգիս Գալստյանի հետ այսօր կապվել են Երևանից՝ իր բարեկամները, որոնք այստեղ են տեղափոխվել: Նա բառացիորեն ասել է, որ Խանքենդիում է (Ստեփանակերտ) և ծառայում է Ադրբեջանին՝ ընդդեմ Նիկոլի: Գալստյանը իր ֆեյսբուքյան էջի նախկին գրառումններում Նիկոլին անվանում էֆենդի»,- գրել էր նա:
Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան այդ գրառումից հետո իշխանամերձ շրջանակները, Փաշինյանի թիմակից ՔՊ-ականները սկսեցին թիրախավորել Սարգիս Գալստյանին և նրա մերձավորներին, Բաքվի բանտերում գտնվող Արցախի քաղաքական նախկին ղեկավարությանը` մամուլում և սոցցանցերում, այն դեպքում, երբ Գալստյանի հարազատները լրատվամիջոցների հետ զրույցներում կտրականապես հերքում էին Թաթուլ Հակոբյանի կողմից տարածվող կեղծ տեղեկությունները:
Սարգիս Գալստյանը Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հորեղբայրն է։
168.am-ի հետ զրույցում Դավիթ Գալստյանն ասել էր, որ իր հորեղբայրն ադրբեջանական կողմից որևէ առաջարկ չի ստացել և Ստեփանակերտի պարետ չի նշանակվել։
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման լուրեր տարածողները ֆեյք քաղաքական գործիչներն են ու նրանց սպասարկողները, որոնք հայ ազգի թշնամիներն են»,- նշել էր Դավիթ Գալստյանը։
Չնայած բոլոր այդ հերքումներին, Արցախի հանձնումն իրականացրած Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը` ՔՊ-ականները և իշխանամերձ վերլուծաբանները շարունակում էին կեղծ լուրերի տարածումն ու մանիպուլյացիաները:
Իսկ թե որն էր Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանի հետ հաղորդումներ վարող, Նիկոլ Փաշինյանի հետ տարբեր հանդիպումների մասնակցող, նրան հրապարակային խորհուրդներ տվող Թաթուլ Հակոբյանի կողմից նման կեղծ լուրեր տարածելու, շրջանառելու նպատակը` դժվար չէ գլխի ընկնել: