
Զելենսկին Վրաստանին կոչ է արել վերադարձնել կորցրած տարածքները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Շվեդիայում անցկացվող Միացյալ էքսպեդիցիոն ուժերի գագաթնաժողովում առցանց ելույթի ժամանակ կոչ է արել Վրաստանին վերադարձնել իրենց կորցրած տարածքները։
«Դա կավելացնի ներուժը մեր ընդհանուր անվտանգությանը այստեղ՝ Եվրոպայի մեր հատվածում: Հատկապես, երբ Ռուսաստանից մեր պաշտպանության շնորհիվ Վրաստանի համար նոր հեռանկարներ կբացվեն՝ վերականգնելու իր տարածքային ամբողջականությունը», – նրա խոսքը ներկայացրել են լրատվամիջոցները:
Զելենսկու խոսքով՝ նման քայլերը կամրապնդեն Եվրոպայում համընդհանուր անվտանգությունը և կարևոր են պատմական համատեքստում։
Նա նաև նշել է, որ Կիևն ակտիվորեն զարգացնում է համագործակցությունը սևծովյան տարածաշրջանի իր հարևանների՝ Ռումինիայի, Մոլդովայի, Բուլղարիայի և Թուրքիայի հետ։
Որոշ լրատվամիջոցներ այսպես են վերնագրել Զելենսկու կոչը. «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Վրաստանին պատերազմ սկսել Աբխազիայի և Հարավային Օսեթիայի դեմ ու վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը»։