Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունում «Իրանի ուղղակի միջամտության» վտանգ կա․ Սալիվան

Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Միջերկրական ծովի արևելյան հատված երկրորդ ավիակիր ուղարկելու մասին։ «Էյզենհաուերը» և նրան ուղեկցող նավերը կմիանան «Ջերալդ Ֆորդ» ավիակիրին, որը տարածաշրջան է ուղարկվել հոկտեմբերի 7-ին:

ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել Իսրայելի և «Համասի» միջև հակամարտության սրման վտանգի և, մասնավորապես, ընդհարմանը Իրանի անմիջական միջամտության սպառնալիքի կապակցությամբ։

Ելույթ ունենալով CBS հեռուստաալիքի եթերում՝ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նշել է Իսրայելի և Լիբանանի սահմանին ռազմական գործողությունների նոր ճակատի առաջացման հավանականությունը։

«Մենք չենք կարող բացառել, որ Իրանը կնախընտրի այս կամ այն կերպ ուղիղ (ռազմական) հակադրման մեջ մտնել։ Մենք պետք է պատրաստվենք»,- բացատրել է Սալիվանը:

Հիշենք, որ Թեհրանը երկար ժամանակ է, ինչ աջակցում է Լիբանանում «Համասին» և «Հեզբոլլահին»՝ նրանց տրամադրելով միջոցներ և զենք։

«Սա վտանգ է, և դա վտանգ է, որի մասին մենք տեղյակ ենք եղել ի սկզբանե»,- ասել է Սալիվանը՝ նկատի ունենալով պատերազմին Իրանի միջամտության հեռանկարը, որն առաջ է եկել Գազայի հատվածից Իսրայելի հարավային շրջանների վրա «Համասի» հարձակման հետևանքով։

«Այդ իսկ պատճառով նախագահը գործում է այդքան արագ և վճռական՝ ավիակիր ուղարկելով Միջերկրական ծովի արևելյան հատված, ինքնաթիռներ ուղարկելով Պարսից ծոց, քանի որ նա շատ հստակ ուղերձ հղեց ցանկացած ազգի կամ ցանկացած խաղացողի, որը կփորձի շահարկել այս իրավիճակը»,- ասել է Սալիվանը:

Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը շաբաթ օրը հայտարարեց երկրորդ ավիակիրի տեղակայման մասին՝ զսպելու «Իսրայելի դեմ թշնամական գործողությունները կամ «Համասի» հարձակումից հետո այդ պատերազմն ընդլայնելու ցանկացած ջանքերը»: Միջերկրական ծովի արևելքում «Էյզենհաուեր» ավիակիրը և նրան ուղեկցող նավերը կմիանան «Ջերալդ Ֆորդ» ավիակիրին, որը տեղակայվել էր հոկտեմբերի 7-ին «Համասի» հարձակումից հետո:

Տեսանյութեր

Լրահոս