Գեներալ Մանուկյանը հարգված հրամանատար է, իր ողջ կյանքը նվիրել է իր հայրենիքին և նրան հարգելու չափազանց շատ պատճառներ կա. Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանական գերության մեջ գտնվող գեներալ Դավիթ Մանուկյանի հետ ծանոթացել եմ 2020 սկզբին` Մարտակերտի մարտական դիրքերից մեկում:
Որքան էլ զարմանալի է, մինչև այդ հանդիպումը, իրար հետ որևէ տեղ չէինք տեսնվել:
Իհարկե հեռակա իրար գիտեինք:
Մեր հանդիպումը բավականին զվարճալի ստացվեց: Մեզ պաշտոնապես ծանոթացրեցին, գրեթե միաժամանակ երկուսս էլ ասեցինք` հեռակա ծանոթ ենք:
Ասեցի` դե քեզ լավ գիտեմ ու կարճ դադարից հետո ասեցի` դե մեր Գեղամի ախպերն ես: Ներկա զինվորականները, ինքն էլ` գեներալն էլ, անակնկալի եկան:
Բոլորը սպասում էին, որ կասեի, թե առաջնագծի այս կամ այն ճակատում ենք հանդիպել կամ ՊԲ շտաբում, դե ես էլ` ինչ մեղքս թաքցնեմ, իր զինվորական ու կյանքի վաստակը մի կողմ, Գեղամով էի ճանաչում:
Ես, իհարկե, ներկաներին ամենաճոխ ձևերով ներկայացրեցի Գեղամին`տեղը տեղին, մի քանիսը հեռուստատեսությունից արագ հիշեցին, բայց դե որոշները դեռ երկար նայում էին Դավիթին, թե ոնց կարձագանքի:
Տեսարանն ու վիճակն իմ համար շատ զվարճալի էր, ահագին ծիծաղեցի, կատակներ արեցին ու մեր առաջին հանդիպման անակնկալ վիճակներն արագ ցրվեցին:
Հետո միասին պոստում տղերքի հետ ճաշեցինք, որից հետո գեներալը սկսեց խնդիրները ճշգրտել, հանձնարարություններ տալ հրամկազմին, իսկ ես ճանապարհս շարունակեցի այլ դիրքերի ուղղությամբ:
Դրանից հետո տարբեր առիթներով հանդիպեցինք` մինչև 44-օրյա պատերազմն ու դրանից հետո, երբ նրա հետ պայմանագիրը չերկարացրեցին, սակայն նա շարունակում էր ապրել Ստեփանակերտում, ծառ տնկում, այգի մշակում` չափից ավելի էր կապված Արցախին:
Գեներալ Մանուկյանը հարգված հրամանատար է, իր ողջ կյանքը նվիրել է իր հայրենիքին և նրան հարգելու չափազանց շատ պատճառներ կա:
Համբերություն հատկապես նրա ընտանիքին ու հարազատներին, վստահ եմ` վերադարձից հետո բազմաթիվ լավ պատմություններ հիշելու առիթներ կգտնենք:
Ազատությու´ն Բաքվի բանտերում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին»։