Պաշտոնական Բաքուն դատապարտում է Արցախում մարդասիրական վիճակի մասին ԵԽԽՎ զեկույցը

Պաշտոնական Բաքուն դատապարտում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հոկտեմբերի 12-ին ընդունած Լեռնային Ղարաբաղում մարդասիրական վիճակի մասին զեկույցը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի արտգործնախարարությանը, հայտնում է «Ազատությունը»։

«Այս կառույցը հերթական անգամ չի կարողանում անաչառ մոտեցում ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ։ ԵԽԽՎ-ն շարունակում է անհիմն խոսակցությունների և մեր տարածաշրջանի որոշ երկրների նենգ քաղաքականության վրա հիմնված մոտեցում ցուցաբերել՝ ուղղված Ադրբեջանին նսեմացնելուն», – նշված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։

«ԵԽԽՎ-ի անհիմն պնդումները Լաչինի ճանապարհով վերջին տասը ամիսների ընթացքում տեղաշարժվելու մասին և Արդարադատության միջազգային դատարանի համապատասխան որոշումների սխալ մեկնաբանությունը՝ միաժամանակ անտեսելով նրա 2023 թվականի հուլիսի 6-ի որոշումը, որը միաձայն մերժել էր Լաչինի շարջափակման վերաբերյալ Հայաստանի հայցերը, անընդունելի է: Ավելին, մոտ 4000 անհայտ կորած ադրբեջանցիների ճակատագրի վրա լույս չսփռելը, ականների սպառնալիքը, որը 44-օրյա պատերազմից հետո զոհերի թիվը հասցրեց 333-ի, և նախկինում օկուպացված ադրբեջանական տարածքներում գրանցված ավերածությունների չափը խորապես մտահոգիչ է։

ԵԽԽՎ-ն, պաշտպանելով էթնիկ հայերի իրավունքները գոյություն չունեցող սպառնալիքներից, անտեսում է Հայաստանից վտարված ադրբեջանցիների իրավունքների վերականգնման և արժանապատիվ վերադարձի կոչերը», – նշված է հայտարարությունում։

Պաշտոնական Բաքուն ընդգծում է՝ ԵԽԽՎ-ն «պետք է դադարեցնի Ադրբեջանի դեմ ուղղված անհիմն և կանխակալ քայլերը», որոնք «խաթարում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ջանքերի հեռանկարները»։

«Միևնույն ժամանակ, Եվրոպայի խորհրդի մեխանիզմները Ադրբեջանի դեմ օգտագործելու անհեռատես փորձերը լիովին հակաարդյունավետ են և չեն կարող խաթարել Ադրբեջանի վճռականությունը՝ շարունակելու գործել տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման և տեղի հայ բնակիչների վերաինտեգրման ծրագրերի առաջմղման ուղղությամբ», – հավելել է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Տեսանյութեր

Լրահոս