
Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանանց աշխատանքի ուսումնասիրության համար

Տնտեսագիտության բնագավառում Շվեդիայի Պետական բանկի 2023 թվականի Ալֆրեդ Նոբելի հիշատակի մրցանակը շնորհվել է ամերիկացի հետազոտող Կլաուդիա Գոլդինին։ Այդ մասին հայտնել է Գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն։
Մրցանակը կտրվի «Աշխատաշուկայում կանանց դերի մասին պատկերացումների բարելավման համար»:
Ինչպես պարզաբանում է կոմիտեն, դափնեկիրը «բացահայտել է աշխատաշուկայում գենդերային տարբերությունների հիմնական պատճառները»։ Գոլդինը ներկայացրել է «դարերի ընթացքում կանանց եկամուտների և աշխատաշուկային մասնակցության առաջին համապարփակ հաշվետվությունը»:
«Նրա հետազոտությունը բացահայտում է փոփոխությունների պատճառները, ինչպես նաև գենդերային պահպանվող ճեղքվածքի հիմնական աղբյուրները», – ասված է կոմիտեի հիմնավորման մեջ:
Շվեդ փորձագետները նշել են, որ թեև վերջին հարյուր տարվա ընթացքում աշխատաշուկայում կանանց թիվը եռապատկվել է, այնուամենայնիվ, գենդերային զգալի տարբերությունները պահպանվում են:
«Վերջին հարյուրամյակի ընթացքում վճարովի աշխատանքով զբաղվող կանանց բաժինը եռապատկվել է եկամտի բարձր մակարդակ ունեցող շատ երկրներում: Դա մեր ժամանակներում խոշորագույն սոցիալական և տնտեսական փոփոխություններից մեկն է աշխատաշուկայում, սակայն գենդերային զգալի տարբերությունները պահպանվում են: 1980-ական թվականներին հետազոտողն առաջին անգամ կիրառել է համապարփակ մոտեցում այդ տարբերությունների աղբյուրի բացահայտման համար: Կլաուդիա Գոլդինի հետազոտությունը մեզ նոր և շատ առումներով զարմանալի ըմբռնում է տվել աշխատաշուկայում կանանց պատմական և արդի դերի վերաբերյալ», – նշում են նրանք: