Բաժիններ՝

Եթե ինչ-որ մեկի քարտային հաշվին գումարը դեռ մուտքագրված չէ, երկուշաբթի կամ երեքշաբթի բոլորն այդ գումարը կտեսնեն իրենց հաշիվներին. Տիգրան Խաչատրյան

Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրվող միանվագ դրամական աջակցությունը վերջին օրերին արդեն մեծամասամբ ստացել են այն շահառուները, որոնք ունեն քարտային հաշվներ: Այս մասին հոկտեմբերի 8-ին կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ համառոտ ամփոփելով նախորդ շաբաթվա ընթացքում կազմակերպված հիմնական գործընթացները:

Նրա խոսքով, ըստ Կենտրոնական բանկի տրամադրած տվյալների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և քարտային հաշիվներ ունեցող շահառուների թիվը գերազանցում է 50 հազարը:

«Եթե ինչ-որ մեկի քարտային հաշվին գումարը դեռևս մուտքագրված չէ, դա նշանակում է, որ ընդամենը խոսքը վերաբերում է որոշ դեպքերում բանկային գործառնությունների ժամանակատարությանը, և երկուշաբթի կամ երեքշաբթի օրը բոլորն այդ գումարը կտեսնեն իրենց հաշիվներին»,- պարզաբանեց փոխվարչապետը՝ նշելով, որ այնուամենայնիվ շահառու հայրենակիցների կեսն է առայժմ ստացել միանվագ դրամական աջակցությունը, իսկ մյուսներն առաջիկա օրերի ընթացքում, իրենց գրանցումներին համապատասխան, կշարունակեն ստանալ իրենց գումարները:

Նա հիշեցրեց, որ ովքեր չունեն քարտային հաշիվներ, պետք է այս օրերի ընթացքում բացեն իրենց հաշիվները:

Ըստ փոխվարչապետի՝ երկրորդ խումբը, որ միանալու է դրամական աջակցությունը ստացողներին, ընդգրկում է այն ծնողներին, ովքեր իրենց երեխաների համար համապատասխան տվյալները գրանցելու արդյունքում կունենան այդ դրամական միջոցները ստանալու իրավունք:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվել 100 հազար 632 բռնի տեղահանված քաղաքացիներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս