Իսրայելը պաշտոնապես հայտարարել է պատերազմի մեջ մտնելու մասին

Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։

Այս մասին, ինչպես նշում է timesofisrael.com-ը, հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

Նշենք, որ Պաղեստինի ՀԱՄԱՍ խմբավորման կողմից Գազայի հատվածի մերձակայքում գտնվող իսրայելական համայնքների վրա իրականացված զանգվածային հարձակման և Իսրայելի ուղղությամբ արձակված հազարավոր հրթիռների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 600-ը, հայտնում է timesofisrael.com-ը:

Զոհվածների թվում կան տասնյակ զինվորներ և ոստիկաններ։

Իսրայելի առողջապահության նախարարությունը հաստատում է նաև, որ հիվանդանոցներում վիրավորների թիվը հասել է 2048-ի, 20-ը ծայրահեղ ծանր վիճակում են, 330-ը՝ ծանր վիրավորներ։

Մինչդեռ Al Jazeera-ն հայտնում է, որ Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածներից զոհվել է 313, վիրավորվել մոտ 2000 պաղեստինցի:

Շաբաթ առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռակոծության է ենթարկվել։ Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ արձակվել է ավելի քան 3 հազար հրթիռ։ Բացի այդ, ՀԱՄԱՍ-ի տասնյակ զինյալներ ներթափանցել են Իսրայելի հարավի սահմանային շրջաններ:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը շաբաթ օրը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժողովրդին ուղղված ուղերձում ասել է, որ երկիրը պատերազմական վիճակում է և ասել է, որ հրամայել է պահեստազորների համատարած մոբիլիզացիա։

ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը՝ «Ալ Քասամ» բրիգադները, հայտնել են, որ գերի են վերցրել տասնյակ իսրայելցի զինվորների և սպաների:

Տեսանյութեր

Լրահոս