«Ավանդաբար պաղեստինա-իսրայելայան նման սրացումներն ավարտվում են Եգիպտոսի միջնորդությամբ հրադադարով». Արմեն Պետրոսյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պաղեստին-Իսրայել վերջին լարվածության շուրջ

1. Իսրայելի և Պաղեստինի (հատկապես Գազայի հատվածի) միջև ռազմական բախումները պարբերական բնույթ են կրում. վերջինն ընթացիկ տարվա մայիս ամսին էր։ Դրանից առաջ համեմատաբար մասշտաբային գործողություններ են եղել 2021, 2018 թվականներին։ Պաղեստինցիների ընթացիկ հարձակման հաջողության առանցքային պատճառներից մեկը դրա հանկարծակիությունն էր և իսրայելական հետախուզական և անվտանգային ծառայությունների ձախողումը։

2. Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» իսլամական արմատական կազմակերպության կողմից նախաձեռնված «Ալ Ակսայի ջրհեղեղ» ռազմագործողությունը, որն իրականացվեց միաժամանակ «օդից, ջրից և ցամաքից», ամենամահաբերն էր Իսրայելի համար(ցայժմ ավելի քան 300 զոհ, պաղեստինյան կողմի կորուստները, ինչպես միշտ, ավելի շատ են) 1973թ. «Դատաստանի օրվա» պատերազմից ի վեր։ Ի դեպ, գուցե խորհրդանշական է, բայց գործողության և նշված պատերազմի օրերն էլ օրացույցային առումով համընկնում են։ Ի պատասխան, Իսրայելի բանակը Գազայում սկսել է «Երկաթե սրեր» կոդային անվանումով պատժիչ գործողությունը։

3. Հենց ներկայում պաղեստինցիների կողմից նման մասշտաբային գործողության իրականացման հիմնապատճառը ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայել-Սաուդյան Արաբիա խաղաղության գործընթացի տապալումն է, ինչպես նաև ներիսրայելական քաղաքական գործընթացների վրա ազդելը։ Թել-Ավիվ-Ռիադ հարաբերությունների կարգավորման առանցքային խնդիրներից մեկը հանդիսացող պաղեստինյան հիմնախնդիրը վերջին շրջանում, կարծես, զիջել է իր տեղը Սաուդյան Արաբիայի՝ ուրանի հարստացման հարցին։ Հետևաբար, նման մասշտաբային ռազմագործողությամբ «ՀԱՄԱՍ»-ը ձգտում է կրկին առաջնային օրակարգ վերադարձնել պաղեստինյան հիմնախնդիրը՝ թույլ չտալու համար նախկին սխալը՝ «Աբրահամյան համաձայնարերի» տեսքով, որի արդյունքում մի շարք կարևոր արաբական երկրներ վերականգնեցին Իսրայելի հետ հարաբերությունները՝ շրջանցելով պաղեստինյան հարցը։

4. «ՀԱՄԱՍ»-ը գաղափարապես և ֆինանսական առումով էական կախվածություն ունի Կատարից, որոշ չափով նաև Թուրքիայից։ Իրանը «ՀԱՄԱՍ»-ին աջակցում է տեխնոլոգիաներով։ Գազայի հատվածում Իրանի գլխավոր հովանավորյալն «Իսլամական ջիհադ» կազմակերպությունն է։

5. Պաղեստինյան հարձակումից հետո վերջին շրջանում իշխանությունների դեմ ակտիվ փողոցային պայքար մղող ընդդիմության առաջնորդներնը վարչապետ Նեթանյահուին առաջարկել են «ռազմական իրավիճակով պայմանավորված արտակարգ կառավարություն» ձևավորել. առաջարկն ընդունվել է։

6. Իսրայելական ԶՈՒ-ն նախահարձակ գործողություններով փորձում է կանխել Լիբանանի տարածքում գործող և իր ներուժով պաղեստինյան խմբավորումներին գերազանցող Իրանի հովանավորյալ «Հիզբալլահ» շիայական արմատական կազմակերպության հնարավոր միջամտությունը ռազմագործողություններին։

7. Ավանդաբար պաղեստինա-իսրայելայան նման սրացումներն ավարտվում են Եգիպտոսի միջնորդությամբ հրադադարով։ Վերջինը գուցե ավելի տևական լինի՝ պայմանավորված իսրայելական կողմի կորուստներով, ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը լիովին ոչնչացնելու հասարակական պահանջով և այլն»։

Տեսանյութեր

Լրահոս