«ԱԹՍ-ի դեպքը ոչ մի կերպ ազդեցություն չի ունեցել օպերացիայի վրա». Թուրքիայի ԱԳՆ

Հոկտեմբերի 6-ին Թուրքիայի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ի կողմից հարվածային անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) իջեցման (վնասազերծման) վերաբերյալ՝ ինքնին հաստատելով դեպքի իրականությանը համապատասխանելը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հայտարարության մեջ նշվել է, որ ԱԹՍ-ի իջեցման դեպքը ոչ մի կերպ ազդեցություն չի ունեցել Սիրիայում իրականացվող գործողության և հայտնաբերված թիրախների ոչնչացման տեսանկյունից:

Բացի այդ կոչ է արվել Սիրիայում և Իրաքում գտնվող երրորդ կողմերին միջոցներ ձեռնարկել ոչ կոնֆլիկտային մեխանիզմի շրջանակներում:

«Առնչություն ունեցող կողմերի հետ ոչ կոնֆլկտային մեխանիզմի շրջանակներում անհրաժեշտ միջոցներ պետք է ձեռնարկվեն»:

Ընդգծվել է նաև, որ Սիրիայում իրականացվող ռազմագործողությունները շարունակվելու են:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Սիրիայի հյուսիսում գտնվող Հասեքեի շրջանում Պենտագոնի կողմից թուրքական հարվածային ԱԹՍ էր իջեցվել:

Նույնը օրը երեկոյան ժամերին ԱՄՆ-ն դեպքը հաստատել էր Պենտագոնի խոսնակ գեներալ Փեթրիք Ռայդերի շուրթերով՝ որպես պատճառ նշելով ԱԹՍ-ի ամերիկացի զինվորներից 300 մ հեռավորության վրա իրականացրած հարձակումները, ինչն էլ ամերիկյան կողմը համարել է սպառնալիք իրենց անվտանգության համար:

Հոկտեմբերի 5-ի առավոտյան Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հարվածային ԱԹՍ-ներով հարձակումներ էր իրականացրել Սիրիայի հյուսիսում գտնվող մի շարք շրջանների ուղղությամբ, ինչի հետևանքով տարբեր աղբյուրների համաձայն՝ Սիրիայում սպանվածների թիվը գերազանցում է 100-ը:

 

Տեսանյութեր

Լրահոս